Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ազգային ժողովի «Հանրապետական» նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի և նրա փեսայի՝ Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը: Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու, իսկ Սուրեն Ղազարյանը՝ նրան օժանդակելու համար:
Ոստիկաններին կրկին չի հաջողվել հայտնաբերել և այսօրվա նիստին դատարան բերման ենթարկել գործով երկու վկաներ Տիգրան Խաչատրյանին և Նիկոլայ Խաչիկյանին: Դատարանն առաջարկել է մինչ նրանց հայտնաբերելը հարցաքննել ամբաստանյալներին, սակայն պաշտպանական կողմը դեմ է եղել:
Լևոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը կրկին միջնորդել է գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին՝ պնդելով, որ նա առնչություն չունի այս գործի հետ: Դատարանը միջնորդությունը թողել է առանց քննության:
Հայտնենք՝ Սարգսյանը կալանքի տակ է շուրջ երկու տարի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան