Քովիդ-19 համավարակից հետո աշխարհում թանկացել է գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ մեքենաները: հայկական ավտոշուկան բացառություն չէ: Վերջին երկու տարում Հայաստանում մեքենաների գինը բարձրացել է 20-30 տոկոսով: Տեղական շուկայում գնագոյացման վրա ազդող մի քանի գործոն կա: Առաջինը 2020-ից ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի կիրառումն էր:
Հայկ Երիցյան (մեքենաներ ներմուծող ընկերության տնօրեն) - 2019 թվականը ՀՀ-ում վերջին տարին էր մաքսային արտոնությունից օգտվելու համար, այսինքն՝ բոլոր ներկրված մեքենաները մաքսազերծվում էին՝ հիմք ընդունելով տվյալ մեքենայի ինվոյսային արժեքը և բեռնափոխադրման արժեքը: Բոլորը տեղեկացված են, որ 20 թվականի հունվարի 1-ից գործելու են ԵԱՏՄ շրջանակում մաքսազերծումները, որոնք ահագին տարբերություն էին տալիս էդ ժամանակի ցուցանիշների նկատմամբ:
Նոր դրույքաչափերը մինչև 5 անգամ բարձրացրին մաքսազերծման արժեքը, ինչն էլ իր հերթին ազդակ դարձավ շուկայում առկա մեքենաների թանկացման համար: Ըստ ՊԵԿ տեղեկության՝ 2018-ին Հայաստան է ներմուծվել 64082 տրանսպորտային միջոց, 2019-ին՝ ռեկորդային՝ 189 018, 2020-ին 7314, իսկ 2021-ի 11 ամիսների տվյալով՝ 6397 տրանսպորտային միջոց:
Դինամիկան արդեն հուշում է՝ մեքենաների թիվը մեր երկրում պակասում է, իսկ երբ կա պահանջարկ, բայց չկա առաջարկ, գինը բարձր է լինում: Երկրորդ հանգամանքը միջազգային թանկացումներն են: Բարձր գնային պատկեր է, մասնավորապես, ամերիկյան ու ճապոնական աճուրդներում, որտեղից էլ հիմնականում մեքենաները ներկրվում են Հայաստան:
Արտակ Խաչատրյան (մեքենաների առուվաճառքի խորհրդատու) - 20 թվականին ավտոմեքենայի գները էժան էին, որովհետև ավտոաուկցիոններում չէին վաճառվում: Այսինքն՝ էդ ճգնաժամը ամբողջ աշխարում էր: Ու քանի որ հիմա աուկցիոններում ստաբիլ վաճառք կա, բնականաբար, դա է: Էն ժամանակ խաղում էր մի հոգի, իսկ հիմա 10 հոգի է մասնակցում այդ աուկցիոնին, գինը բարձրանում է:
Աճուրդում մեքենաները թանկացել են, բարձրացել է նաև աճուրդի միջնորդավճարի գինը, մոտ 30 տոկոսով էլ թանկացել է տեղափոխումը: Այս ամենին գումարվում է բարձր դրույքաչափով մաքսազերծումը, և արդյունքում հայկական շուկայում հայտնվում են թանկ մեքենաներ: Այսպես են բացատրում մասնագետները այն շղթան, որն այսօր է գործում:
Մեքենաներ ներմուծող ընկերության տնօրենի կարծիքով՝ մեքենաները թանկացել են ամբողջ աշխարհում, և գլխավոր պատճառներից մեկը առաջնային շուկայի պատկերն է:
Միշա Վարդանյան (Մեքենաներ ներմուծող ու վաճառող ընկերության տնօրեն) - Գալիս է նախնականը էն հանգամանքից, որ դիլերների մոտ է թանկացել՝ առաջնային շուկայից է թանկացել: Ու մինչև 5-6 տարեկան մեքենաները համեմատվում են դիլերի գնի հետ, և ըստ դրա թանկանում է: Ցանկացած երկրում կա դեֆիցիտ, դրա հետ էլ կապված է թանկացումը, ու նաև պանդեմիայի պատճառով, որ երկար ժամանակ չեն աշխատել գործարանները, թանկացել են նաև դետալները, հումքը, գունավոր մետաղները, կաուչուկը:
Միշան չի բացառում նաև մարկետինգային քայլերի առկայությունն ու ազդեցությունը՝ կա պահանջարկ, գինն ավտոմատ բարձր է: Գնագոյացման մյուս՝ կարևոր պատճառներից է հայկական ավտոշուկայի հետաքրքրությունը օտաերկրացիների համար: Խոսքը հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրների՝ հատկապես Ռուսաստանի ու Ղազախստանի քաղաքացիների մասին է:
Հայկ Երիցյան - Ղազախստանի քաղաքացիները կոնկրետ մոդելների համար, չակերտավոր ասած, որս են անում Հայաստանում:
Հայկի պնդմամբ, նրանք տվյալ մոդելների համար բարձր գին են առաջարկում, լավ մեքենաները պակասում են, մյուս վաճառողներն էլ, տեսնելով պահանջարկը, բարձրացնում են վաճառքի գինը:
Միշա Վարդանյան - Այ, էդ արդեն արհեստական թանկացում է, որ մարդիկ իմանում են՝ ընդհանուր մեքենաները թանկացել են, իրա մեքենան էլ է թանկանում իր պատկերացումով: Եթե էն ժամանակ պետք է կայքերում 5000 դոլարով դներ, հիմա գիտի, որ թանկացել է, 6-ով է տեղադրում՝ առանց ուսումնասիրելու շուկան:
Թանկացման պատճառները շատ են՝ միջազգային գնաճ, պահանջարկ ու դեֆիցիտ, մաքսազերծման բարձր դրույքաչափ: Մասնագետները, ուսումնասիրելով շուկաները, այն եզրահանգմանն են եկել, որ եթե նույնիսկ գործող գնային շեմը պահպանվի, արդեն կարելի է մեծ ձեռքբերում համարել: Պատկերն այժմ հակառակն է՝ մեքենաների գները շարունակում են բարձրանալ: