Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ խթանիչ` բուստեր դեղաչափով պատվաստումների ուղեցույցը: Ըստ այդմ, առաջարկվում է ամբողջական երկու դեղաչափ պատվաստում ստանալուց վեց ամիս հետո պատվաստվել երրորդ դեղաչափով՝ անկախ այն բանից, թե նախորդ երկուսը ինչ տեսակի պատվաստանյութ են եղել: Երրորդ դեղաչափը կարող է լինել նույն պատվաստանյութից, կարող է լինել նաև «Մոդեռնա»՝ բոլոր դեպքերում: «Մոդեռնայի» սղություն Հայաստանում չի կանխատեսվում, եթե անգամ բոլորը ցանկություն ունենան երրորդ անգամ պատվաստվել ոչ թե իրենց նախկին պատվաստանյութով, այլ «Մոդեռնայով»:
Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման համաճարակաբանության բաժնի պետ) - Իհարկե, երկրում առկա պատվաստանյութերի քանակը ամենօրյա ռեժիմով գնահատվում է, և, ըստ բնակչության պահանջարկի, իհարկե, նաև կանխատեսումներ են իրականացվում, և համապատասխան քանակի պատվաստանյութերով ապահովված ենք:
Գրիգորյանը նշում է, որ երկրորդ և երրորդ դեղաչափի միջև սահմանված առնվազն վեց ամիս ժամկետը չի նշանակում, թե ավելի վաղ երրորդ դեղաչափ ստանալը չի թույլատրվում կամ կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա:
Սվետլանա Գրիգորյան - Իհարկե, կան նաև ուղեցույցում բացառություններ հենց այն անձանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառով կա՛մ երկրից մեկնելու են, կա՛մ ունեն որոշակի խնդիրներ, որ ցանկանում են սահմանված ժամկետից որոշակի ժամանակ շուտ ստանալ: Դա, իհարկե, տվյալ անձի, ըստ դիմելիության, գրավոր համաձայնության դեպքում կարող են իրականացվել: Արդյունավետության հետ կապված և տվյալ անձի առողջության հետ կապված խնդիրներ չեն առաջանա, ուղղակի այդ անձինք, ովքեր ստացել են պատվաստման ամբողջական կուրսը, առնվազն վեց ամիս պաշտպանված են:
Երրորդ դեղաչափը առաջարկվում է 18 և բարձր տարիքի անձանց՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:
Սվետլանա Գրիգորյան - Ռիսիկի խմբերը 65 տարեկանից բարձր տարիքի անձինք ենք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք են, բուժաշխատողներն են, սոցիալական խնամքի կենտրոնի աշխատակիցները:
Հայաստանում «Մոդեռնայով» պատվաստվել կարող են նաև 12 տարին լրացած անձինք, այնինչ ուղեցույցում 12-ից մինչև 18 տարեկաններին երրորդ դեղափաչով պատվաստվել չի առաջարկվում: Սվետլանա Գրիգորյանն ասում է՝ նախարարի հրամանով հաստատված փաստաթղթի հիմքում դրվել են միջազգային առողջապահական կազմակերպությունների առաջարկները և, իհարկե, տվյալ պատվաստանյութերի կիրառման հրահանգները:
Բացի դրանից՝ մասսայական պատվաստում այդ տարիքային խմբին առայժմ չի առաջարկվում, այլ իրականացվում է միայն, եթե կա ծնողի նախաձեռնությունն ու գրավոր համաձայնությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան