Հանրային գնումներում փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը 2019-ին կազմել է 68.6, 2020-ին՝ 63 տոկոս, հաղթած մրցույթներում՝ 2019-ին՝ 38.6, իսկ 2020-ին 38.49 տոկոս: Ամերիկյան փորձագետների ուսումնասիրությունն է ներկայացնում Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետը՝ 2020-ի փոքր նվազումը բացատրելով կորոնավիրուսով, սակայն միևնույն ժամանակ չբացառելով, որ 2021-ին մասնակցության ցուցանիշն ավելի բարձր է լինելու:
Սերգեյ Շահնազարյան (ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ) - Եթե նախկինում մինչև 10 միլիոն էր, ըստ էության, ազատ մասնակցության հնարավորությունը՝ առանց որևէ ապահովման, ապա ներկա պահին շեմը բարձրացվել է 25 միլիոնի, և դա կխթանի փոքր և միջին բիզնեսի գնման ընթացակերգերի հետ կապված խնդրին:
Մասնագետի խոսքով՝ դեռ ակտուալ է հայտերի գրանցման փուլում անհամապատասխանությունների խնդիրը: Գնումների գործընթացում Շահնազարյանն առանձնացնում է նաև տեղեկատվական հասանելիության սահմանափակումը: Կան ընթացակարգեր, որոնց ոչ բոլորն են տիրապետում:
Սերգեյ Շահնազարյան - Ըստ էության, համակարգը բավականին թափանցիկ ու հրապարակային է, բայց ոչ բոլոր աշխատանքները կան համակարգում: Բայց էստեղ պետք է ՓՄՁ-ների հետ աշխատանք տանել՝ տեղեկատվության հայթայթման կամ ավտոմատ եղանակով ստացման հնարավորություններին ավելի լավ ծանոթացնելու նման կազմակերպություններին:
Շահնազարյանի խոսքով՝ խնդիրներ կան ընթացակարգերի կազմակերպման, ճկունության ապահովման և ժամկետների կրճատման հետ կապված: Պատասխանատու գերատեսչությունն օրենսդրական փոխոխություններ է պատրաստում. խոսքը գնումների գործընթացի բողոքարկման ինստիտուտի մասին է. օրենքի նոր նախագծով նախատեսվում է արտադատական համակարգը վերացնել և բողոքարկման գործընթացն իրականացնել դատական համակարգով:
Սերգեյ Շահնազարյան - Տարեկան կազմակերպվող ընթացակարգերի քանակը մոտ 60.000 է, և մենք տարեկան ունենում ենք 200-220 բողոք, այսինքն՝ դա շատ ցածր ցուցանիշ է: Դա է տրամաբանությունից մեկը՝ արտադրականից ամբողջական դատականի անցնելու:
Ֆինանսների նախարարությունում չեն բացառում նաև գնումների էլեկտրոնային համակարգի փոփոխության հարցը: Այն ավելի արդիական ու հասանելի դարձնելու հարցը քննարկում են փոքր և միջին ձեռնարկությունների հետ, նոր նախագծեր մշակում: