Այս սարքը ջեռուցման համակարգերի կառավարման համար է։ Աշխարհի ամենաբարակ թերմոստատն է. ընդամենը 9 մմ։ Ուրիշ սարքերը չեն կարողանում ավելի բարակ լինել՝ տաքանում են ու սկսում սխալ ջերմաստիճան ցույց տալ: Մենք այդ խնդիրը լուծել ենք:
Անդրանիկի ասած «մենք»-ը հայ ծրագրավորողների երիտասարդ թիմ է: Ընկերությունը կոչվում է HELTUN։ Պետությունից ստացած 50 հազար դոլար դրամաշնորհով IT բիզնես հիմնելը եղել է Աշոտի գաղափարը։
Աշոտ Մաշուրյան (HELTUN ընկերության հիմնադիր տնօրեն) - Մենք գաղափարից մինչև վերջնական պրոդուկտ ստեղծում ենք մեզ մոտ՝ էլեկտրոնիկան, տուփից մինչև ծրագիր, գնում է ստուգման, գալիս է Հայաստան, ու համոզվում ենք, որ որակը լավն է, ամբողջը արտադրվում է Հայաստանում։
Արտադրանքը՝ բնակարանի լույսն ու ջերմությունը կարգավորող սենսորային վահանակներ, ամբողջությամբ smart տեխնոլոգիա են։ Ի տարբերություն աշխարհում եղած նման օրինակների՝ աշխատում են ոչ թե բջջայինից ստացած հրահանգով, այլ ինքնուրույն են հասկանում, որ ցրտել է՝ պետք է միացնել «խելացի տան» ջեռուցումը, մթնել է՝ վառել լույսը, առավոտ է՝ ավտոմատ հետ քաշել ծանր վարագույրը և այլն։ Սարքերը հավաքում են իրենց նախագծած հաստոցներով, փոշու հատուկ ֆիլտրացում ունեցող գոտում։ Հայաստանում դեռ անհայտ HELTUN-ի մշակումների շնորհիվ, պարզվում է, տարածքի տաքացման-հովացման ծախսի միջինում 40 տոկոս էներգախնայողություն են ապահովում մինչև իսկ Լաս Վեգասի հյուրանոցները։
Անդրանիկ Հակոբյան (HELTUN ընկերության օպերացիոն տնօրեն) - Ներկա պահին համագործակցում ենք մի քանի մեծ ընկերությունների հետ՝ Բոսնիա-Հերցեգովինայի կապի օպերատորը կամ Լաս Վեգասի «Սիզերս-Փալաս» հյուրանոցների ցանցը:
Ընկերության շուկան այս պահին ընդգրկում է ԱՄՆ-ից Ասիա ու Եվրոպա՝ 30 երկիր։ Մեր երկում առայժմ վաճառք չունեն։ Հոսքագծի վրա սքանավորվման փուլի հասած խմբաքանակը Ռուսաստանի պատվեր է։
Ծաղիկ Մելքումյան (HELTUN ընկերության արտադրամասի ղեկավար) - Անկախ նրանից, թե ինչ երկիր է արտահանվում, բոլոր տուփերի վրա նշվում է made in armenia մակնշավորումը:
Արտադրության ծավալներն ավելացնելու, նորություններ մշակելու համար ընկերությունը որակյալ կադրերի կարիք ունի։ Ծրագրավորողների, ինժեներ-տեխնոլոգների դեպքում փորձում են Իրանի ու Սիրիայի մեր հայրենակիցներին գործում ներգրավել։
Սարգիս Գաբրիելյան (HELTUN ընկերության արտադրության ղեկավար) - Սիրիայից եմ, թիմին միացել եմ մի 3 տարի առաջ:
Տղաները հպարտանում են․ սա այն դեպքն է, երբ ապրանքն այնքան պահանջված է. նույնիսկ գինը կարևոր չէ։ Խելացի տեխնոլոգիաների անցնող սպառողն ընտրում է հեշտ տեղադրվող-կառավարվող և միանգամից մի քանի գործողություն ապահովող հայկական սարքերը, անգամ եթե եվրոպական շուկայում այն ամենաթանկն է։
Անդրանիկ Հակոբյան - Սարքեր ունենք, որոնց նմանը չկա, որ մարդը գնա, ուրիշն առնի: «Նմանը չկա»-ն որն է. օրինակ՝ սա է. այս մեկը թույլ է տալիս կառավարել 5 սարք՝ ինչն է կառավորում. կարող եք միացել լույսեր, բացել փակել դռներ, ջրի ծորակներ, վարագույրներ:
Հիմնական ֆունկցիաներից բացի՝ այս փոքրիկ սարքը արտասահմանում շատ գնում են նաև այն պատճառով, որ խելացի տան հոսանքը միայն էլեկտրական տեխնիկային է հասցնում․ երեխան մատները վարդակ մտցնի՝ ոչ մի խնդիր։ Աշխարհում արդեն նաև սառնարան են հորինել, որ տեսնում է՝ կարագը կամ ձուն վերջանում է, on-line սուպերմարկետից գնումներ է պատվիրում՝ ասում է IT ընկերության ղեկավարը։ Այնպես որ՝ արհեստական բանականության դերը սարքերում նաև իրենք են ավելացնում։
Աշոտ Մաշուրյան - Հետագա սերնդի խելացի տներն ավելի խելացի են լինելու՝ կարողանալու են գուշակել, թե ինչ է հարկավոր բնակչին, կարողանալու են ձայնային հրահանգներ տալ: Մենք մեր թիմով աշխատում ենք այդ նոր պրոդուկտների վրա:
Պետք է, չէ՞, արդարացնեն ընկերության համար ընտրած կարգախոսը՝ «անհավանական խելացի»։