Հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթի» առաջին խմբաքանակն առաջիկայում կիրառության մեջ կդրվի: Պատվաստանյութը կկիրառվի որպես երրորդ՝ խթանիչ դեղաչափ:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Այն կարող են ստանալ 6 ամիս անց՝ 2 դեղաչափով պատվաստված անձինք:
Այս դեպքում ևս պետությունը կգնի և անվճար կտրամադրի պատվաստանյութը քաղաքացիներին: Այն թույլատրվում է օգտագործել 18 տարեկանից բարձր անձանց: Պատավաստանյութի արդյունավետությունը առողջապահության նախարարը բարձր է գնահատում: Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը բավարար շեմ են ապահովում քաղաքացիներին ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից և մահից պաշտպանելու համար:
Անահիտ Ավանեսյան - Գործընթացը երկար ճանապարհ է անցել, և այսօր ունենք բոլոր չափանիշներին համապատասխան արտադրանք՝ ընդգծում է Էկոնոմիկայի նախարարը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ դեղագործական ոլորտում այսօր մեծ առաջընթաց ենք արձանագրել:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դեղագործական ոլորտը Հայաստանի արդյունաբերական ոլորտի 5 գերակա ճյուղերից է, և կիզակետում լինելու է ոլորտի զարգացումը:
Պատվաստանյութի արտադրությունը մեր երկրում կազմակերպելու համար գործակցել են Ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդն ու Հայաստանի էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները: Ռուսաստանի Գամալեյի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված և մեկ բաղադրիչից բաղկացած պատվաստանյութը արտադրում է «Լիկվոր» դեղագործական ընկերությունը: Սերգեյ Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանում ոչ թե պատվաստանյութի շշալցում է իրականացվում, այլ՝ լիարժեք արտադրություն:
Սերգեյ Մաթևոսյան («Լիկվոր» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն) - Վերամշակում ենք սուստրատը, սուբստանցիան, որը ստանում ենք ռուսական կողմից: Առաջնային և երկրորդային փաթեթավորում ստանալու և սառնարանային պայմաններում պահպանվելու է:
Երեք աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը Հայաստանում կարող է ապահովել այս պատվաստանյութի մեկ տարվա պահանջարկը, արդեն քայլեր են արվում արտահանման ուղղությամբ՝ վստահեցնում է դեղագործական ընկերության տնօրենը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ գործընթացը սկսելիս նկատի են ունեցել նաև արտահանման հնարավորությունները, ինչը կբազմապատկի արտադրանքի ծավալը: Այս պահին արտահանում կազմակերպելու նպատակով բանակցում են մի շարք երկրների հետ:
Վահան Քերոբյան - ՀՀ շուկան բավական փոքր է սպառման անհրաժեշտ ծավալն ապահովելու համար։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում, աֆրիկյան որոշ երկրների հետ էլ քննարկումներ են ընթանում՝ արտահանելու համար։ Այս ամենն իրականացվում է ռուսական գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ:
Այս պատվաստանյութի տեղական պահանջարկը բավարարելու դեպքում արդյոք հնարավո՞ր է այլ պատվաստանյութեր չներկրվեն: Հարցին Անահիտ Ավանեսյանը պատասխանում է՝ նախարարության քաղաքականությունն է՝ հնարավորինս պահպանել պատվաստանյութերի լայն տեսականի Հայաստանում։
Անահիտ Ավանեսյան - Որևէ պատվաստանյութ չի կարող փոխարինել բոլորին»։
Առողջապահության նախարարի խոսքով՝ վերջին օրերին COVID-19-ով հիվանդացությունը Հայաստանում նվազում է, այս պահին վարակված և հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չունենք։ Մարզերում և Երևանում հիվանդանոցները վերապրոֆիլավորվում են և անցնում ընթացիկ սպասարկման ոլորտներին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան