ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով առաջին անգամ անցկացվել է Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ազգային առաջնությունը։
Առաջնությանը մասնակցել է հայկական 4 թիմ, ևս մեկ թիմ՝ որպես հյուր, մասնակցել է Վրաստանից։
Եռօրյա համառ պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Պաշտպանության նախարարության ԲԿՄԱ թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Wheel Foxes թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Թբիլիսի» թիմը:
Դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ևս մեկ մրցաշար է կայացել: Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ասոցիացիան հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացրել է «Հավասարը-հավասարին» բաց առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի մարզերի, 44-օրյա պատերազմի մասնակից և վիրավորում ստացած անձինք:
Գավաթներից ու մեդալներից բացի՝ առաջնության ավարտին նաև հայկական ԱյԹի ընկերություններից դրամական մրցանակներ են շնորհվել 1-3-րդ տեղերի համար:
Առաջնությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը․ «Այսօր Կառավարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամային սպորտին: Մեր մարզիկները շուտով նաև կմրցեն ոչ միայն ուղղակի մրցելու համար, այլև տուն կբերեն մեդալների մեծ պաշար»:
Նախորդ տարի պետությունը մոտ 29 միլիոն դրամ է տրամադրել ադապտիվ սպորտին, իսկ այս տարի այդ գումարը կկազմի 104 միլիոն: Աջակցություն կստանա նաև Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան: