Այս ՏԻՄ ընտրություններում գաղափարական մրցակցություն չկար: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Գաղափարական մրցակցություն չէր էլ կարող լինել, որովհետև արձանագրում ենք, որ կուսակցությունները կայացած չեն»,- ասաց Սաքունցը:
Սաքունցն անդրադարձավ նաև, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններին»:
«Հատկապես խոշոր համայնքներում թեկնածուներ առաջադրում էին կոնկրետ անձանց անուններով ստեղծված դաշինքները, այսինքն՝ ոչ թե կուսակցություններն էին երևում, այլ կուսակցությունները մնում էին ստվերում: Պարզ է՝ դաշինքի ձևավորման համար առնվազն 2 կուսակցություն է պետք: Հիմա այդ կուսակցություննե՞րն են այդ անձանց գտել, որ իր անունով դաշինք կազմեն, մասնակցեն, թե՞ թե այդ անձն է այդ կուսակցություններին ֆորմալ առումով գտել, որպեսզի զուտ դաշինքը ձևավորվի: Ես ավելի հակված եմ՝ որ անձը դաշինքով հանդես գա, և իր անունը ֆիքսվի, ինքն այդ կուսակցություններին գտել է և հարմարեցրել»,- ասաց նա:
Սաքունցը հայտնեց նաև, որ քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված լուրջ բողոքներ չեն եղել:
«Խախտումների ցանկն իր ծավալով այնպիսին չէր, որ մեզ համար հիմք հանդիսանար կասկածի տակ դնել, որ ընտրողներն ազատ չեն եղել իրենց կարծիքը, դիրքորոշումը հայտնելու հարցում: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ քվեարկության արդյունքները կեղծված չեն: Արդյունքների ամփոփման հետ կապված մենք բողոքներ չունենք: Բայց բովանդակային առումով, քանի դեռ կուսակցությունները համայնքներում չեն զարգացել, և համայնքային խնդիրների վերաբերյալ կուսակցությունը ծրագրեր չի մշակել, բնականաբար, ժողովրդավարական սաղմնավորման սկզբում ենք»,- ասաց Սաքունցը: