Ծաղկահովիտում արևն այնքան պայծառ է, որ տանիքների ձյունը շուտ է հալվում: Այստեղ տարվա 365 օրից մոտ 290-ը արևային է: Սա բացառիկ նախապայման է արևային ֆոտովոլտային կայանների համար: Ծաղկահովիտի մանկապարտեզը օրվա մեծ մասը արևի շարժի դիմաց է, կարող են խնայել ոչ միայն էլեկտրոնէներգիան, այլև գազը:
Լուսինե Մկրտչյան (Ծաղկահովիտ խոշորացված համայնքի մսուր-մանկապարտեզի տնօրեն) - Ձմեռվա ամիսներին գազի և էլեկտրաէներգիայի ծախսը միասին կազմում է 135 հազար:
Վստահ են՝ ֆոտովոլտային պանելներով կարող են ոչ միայն կիլովատտեր խնայել, այլև կուտակել: Խոշորացված համայնքի տասը գյուղի համար ֆոտովոլտային կայանների ծրագիրն արդեն մեկնարկել է՝ ասում է համայնքի ղեկավարը: Համայնքին պատկանող բոլոր շինությունների տանիքներին շուտով կայաններ կտեղադրեն՝ ասում է համայնքի ղեկավարի տեղակալը: Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով, սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով՝ համայնքին ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար հատկացվել է 51 միլիոն 277 հազար դրամ, ֆինանսավորման 5%-ը՝ 2 միլիոն 698 հազար էլ, կներդրվի համայնքի բյուջեից:
Արթուր Կարապետյան (Ծաղկահովիտ խոշորացված համանքի ղեկավարի տեղակալ) - 2021 թվականին շուրջ 11 միլիոն դրամ գումար ենք հատկացրել հոսանքի համար: Մեր հաշվարկով՝ եթե էս դեկտեմբեր ամսին տեղայնացնեն, մենք 11 միլիոն դրամ կխնայենք 2022 թվականին:
Ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն 15 շինության տանիքի՝ չորս մանկապարտեզի, երկու մշակույթի տան, կոմունալ ծառայության ավտոկայանատեղիի, պոմպակայանի և վարչական շենքերի: Արդեն որոշել են խնայած 11 միլիոնով ևս մեկ մշակույթի տան տանիք նորոգել: Ծաղկահովիտը Արագածոտնի մարզի միակ համայնքը չէ, որ արևի հաշվին փորձում է կրճատել համայնքապատկան շենքերի էլեկտրաէներգիայի ծախսը:
Գագիկ Պողոսյան (Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ) - Ալագյազ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն՝ 228 միլիոն դրամ արժողությամբ, Ծաղկահովիտ համայնքում իրականացվում են ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ: Արագածավան ու Ապարան համայնքներում ևս իրականացվելու են ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ, որոնք նույնպես տեղադրվելու են համայնքապատկան շենք-շինությունների տանիքներին:
Էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը, խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրների լուծմանը։