ԻՐԱՆՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Թեհրանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքի վերջերս անվանափոխված փողոցների անվանումները նորից փոխելու հարցով։ Դիմումը, մասնավորապես վերաբերում է Շուշի, Բադքուբե, Նարդարան, Գյանջա փողոցների անվանումներին:
Թեհրանի քաղաքային խորհրդի փոխնախագահի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից ադրբեջանական դեսպանատանը պատասխանել են, որ նման հարցերով հարկավոր է դիմել ԱԳՆ, և ոչ թե անմիջապես քաղաքապետարան: «ԱԳՆ-ն պետք է ուսումնասիրի հարցը, և հաստատման դեպքում բանակցություններ կսկսվեն քաղաքային խորհրդի հետ»,- ասել է պաշտոնյան:
Նոյեմբերի 23-ին Թեհրանի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել 38 փողոցի անվանափոխման վերաբերյալ: Բաքվի պարսկական հին անվանման՝ Բադքուբայի, հայկական Շուշիի և մի շարք այլ անվանումների ընտրությունը Ադրբեջանում ոչ միանշանակ է ընդունվել:
ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԿԲՈՅԿՈՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շուտով կհայտարարի Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին՝ հայտնում Է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է միայն Օլիմպիական խաղերին ամերիկացի պաշտոնատար անձանց ներկայությանը, ամերիկացի մարզիկները չեն զրկվի մրցումներին մասնակցելու հնարավորությունից:
Ակնկալվում Է, բոյկոտի մասին կհայտարարվի այս շաբաթ: Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում այս տեղեկատվությունը դեռևս չեն մեկնաբանել:
XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը:
ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ՍԵՄԵՐՈՒ ՀՐԱԲՈՒԽԸ
Ինդոնեզիայում ակտիվացել է Սեմերու հրաբուխը: Ժայթքման հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 14 մարդ։ Ճավա կղզում մի շարք տներ հայտնվել են ավազի, մոխրի ու ծխի մեջ։ Տեղի բնակիչները հայտնել են, որ ահազանգման համակարգը չի գործել, ու մարդիկ չեն հասցրել լքել իրենց տները։ Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալության փոխանցմամբ՝ Սեմերու հրաբուխի ժայթքման հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 5200 մարդ, 1300-ը գտնվում են փախստականների ճամբարներում։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄԸ՝ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻՆ
Կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Արգենտինայում։ Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վարակը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայից ժամանած ճանապարհորդի մոտ։ Միացյալ Նահանգներում Օմիկրոնով վարակման դեպքեր են գրանցվել արդեն 15 նահանգում։ «Օմիկրոնն իսկապես արագ է տարածվում․ կան մի քանի տասնյակ դեպքեր, և մենք ամեն օր լսում ենք նոր դեպքերի մասին»,- հայտնել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին։
ԱՀԿ-ն հետազոտել է, թե ինչպես է ընթանում հիվանդությունը Օմիկրոնով վարակված անձանց մոտ: Ըստ նախնական եզրակացության՝ նրանց կորոնավիրուսն ավելի թեթև է անցնում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել տվյալներ, որոնց համաձայն Օմիկրոնի հետևանքով մահվան դեպքեր դեռևս չեն գրանցվել։ Կորոնավիրուսի նոր տարբերակի հիմնական ախտանիշը ծանր հոգնածությունն է։ Վարակվածները չեն ունեցել համի կամ հոտի կորուստ։