ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ խոր մտահոգություն հայտնելով ԵԱՀԿ-ի տարածքում և դրանից դուրս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վերաբերյալ։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն ընդգծել են, որ ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով ամենամեծ սպառնալիքներից մեկն է աշխարհի և միջազգային անվտանգության համար, ահաբեկչական ցանկացած գործողություն հանցագործություն է և չունի արդարացում՝ անկախ դրա դրդապատճառներից կամ շարժառիթից: Արտգործնախարարներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև փոխգործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
*****
Թուրքիայում կրոնական ազատության հետ կապված վատ իրավիճակը 2021 թվականին պահպանվել է․ իսկ թուրքական կառավարությունն իր գործողություններով, կանխամտածված անգործությամբ և հռետորաբանությամբ սրում է թշնամությունը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Այս մասին ասված է Թուրքիայում կրոնական ազատության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։ Փաստաթղթում նաև նշված է․ «Թուրքիայի կառավարությունը ոչ բավարար ջանքեր է գործադրել տարիներ շարունակ գոյություն ունեցող կրոնական ազատության հետ կապված խնդիրները լուծելու համար»: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները, ինչպես և նախկինում, վտանգված են։
«2021 թվականի սկզբին Քյութահյայի Սուրբ Թորոս եկեղեցին, դառնալով անհայտ անձի սեփականություն քանդվեց՝ չնայած եկեղեցին ուներ պահպանվող կառույցի կարգավիճակ։ Օգոստոսին բուլդոզերներով ավերել են նաև Վանի հայկական գերեզմանոցը»:
2021 թվականի մարտին ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունից խորհրդարան ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է ուղարկել կառավարություն, թե ինչու չի արգելվել պետական բանկի կառուցումն Անկարայի կենտրոնում գտնվող հայկական և կաթոլիկ գերեզմանոցների տարածքում։ Զեկույցում անդրադարձ կա նաև Թուրքիայում տիրող ներկա տրամադրություններին:
«Կորոնավիրուսի համավարակը և Լեռնային Ղարաբաղում 2020թ. հակամարտությունը նպաստել են հակահայկական տրամադրությունների սրմանը և հակահայկական ցույցերի անցկացմանը»:
*****
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստ է գնալ Ռուսաստան՝ հանդիպելու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Պոնտիֆիկոսն այս մասին հայտարարել է Հունաստան կատարած այցից հետո։ «Ես պատրաստ եմ մեկնել Մոսկվա՝ եղբորս հետ երկխոսության»,- ասել է նա։ Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ այս շաբաթ Հռոմ կայցելի Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը, այցի ժամանակ էլ որոշում կկայացվի հոգևոր առաջնորդների հանդիպման վայրի և ժամի մասին։
*****
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի դեկտեմբերի 7-ին կայանալիք հեռավար գագաթնաժողովն ամբողջությամբ չի հեռարձակվի, սակայն նախատեսվում է ցուցադրել հանդիպման առաջին կադրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է երեկոյան. նախագահները կշփվեն առանց պատվիրակությունների մասնակցության, և հանդիպումը կընթանա փակ ռեժիմով՝ պաշտպանված կապով: «Կարծում ենք, որ դա բավականին մանրամասն և երկարատև տեսակոնֆերանս կլինի»,- նշել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Հանդիպման ավարտից հետո նախագահների հայտարարություն չի նախատեսվում. կլինի միայն մամլո հաղորդագրություն:
*****
Բրիտանացի լրագրող և ռեժիսոր Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը, որը պատմում է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, կարող է «Օսկարի» հավակնել: Այն ներկայացվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրողը։ Ֆիլմը նկարահանվել է պատերազմի ընթացքում և ներկայացնում է մարդկային պատմություններ։ Նկարահանումների ժամանակ Գեսենը հանդիպել է մարտական գործողություններին մասնակցծած զինվորներին, խոսել զոհվածների ընտանիքներիի անդամների հետ։
«Գիտակցելով պատերազմի ժամանակ ապատեղեկատվության ծավալները և համաշխարհային լրատվամիջոցների բավարար մակարդակով լուսաբանման բացակայությունը՝ Էմիլն այցելել է տարածաշրջան և հանդիպել տեղացիների հետ, որոնք զենք են վերցրել, որպեսզի կռվեն: Սա նրանց պատմությունն է»,- ասված է ֆիլմի նկարագրության մեջ։