ՄԱԿ-ի թարգմանչի սխալը փրկել է աֆղանստանցի դատավոր Մուսկայի և նրա ընտանիքի կյանքը: Այս տարվա սեպտեմբերի 21-ին, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում, Բրազիլիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել մի քանի հարյուր աֆղանստանցի փախստականի՝ «կանանց, աղջիկների և... դատավորների»՝ գրում է Euronews-ը։
Ավելի ուշ պարզվել է, որ նախագահ Ժաիր Բոլսոնարուն ասել է «դեռահասներ», իսկ թարգմանիչը սխալ է հասկացել: Այդ բառը, սակայն, Մուսկային գործելու ազդանշան է ծառայել։ Ընտանիքի հետ կինն առաջին ավտոբուսով գնացել է Մազարի Շարիֆ, որտեղից էլ կարողացել է նստել Հունաստան թռչող ինքնաթիռը։
Թալիբների կողմից երկիրը գրավելուց անմիջապես հետո Մուսկան կորցրել է աշխատանքը, նրա հաշիվները սառեցվել են, ընտանիքի հետ ստիպված է եղել թաքնվել: Կյանքը հայրենիքում շատ վտանգավոր էր դարձել, քանի որ թալիբներն ազատ էին արձակել հանցագործներին, որոնց նա և մյուս դատավորները դատապարտել էին բանտարկության: Նրանք էլ, ազատության մեջ հայտնվելով, սպառնացել էին հաշվեհարդարով, խոստովանել է դատավորը:
Այսօր Մուսկան հույս ունի Բրազիլիայում նոր կյանք սկսել. նա փաստաթղթեր է ստացել, բանկային հաշիվ է բացել, ամբողջ ընտանիքը սկսել է սովորել պորտուգալերեն:
Ընդհանուր առմամբ, լատինամերիկյան այս երկիրը ապաստան է տվել աֆղանստանցի 19 դատավորի և նրանց ընտանիքի անդամներին։