Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 2-ին դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։
Այս գործով անցնում են Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին ու դուստրը՝ Անգելինա և Վլադիմիր Գասպարյանները, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Հայցադիմումը նախ ներկայացվել է նոյեմբերի 19-ին, ապա թերությունների պատճառով վերադարձվել, իսկ դեկտեմբերի 2-ին նորից ներկայացվել դատարան։ Հայցվորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Տիգրան Դավթյանն է։ Հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել։
«Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախկին ոստիկանապետի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի հետ կապված կատարողական վարույթ էր հարուցվել, ու արգելվել նրան որևէ ձևով տնօրինել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 97-րդ հասցեի գույքը, Ճամբարակ-Վարդենիս խճուղու 1-ին հասցեի հողամասը, Ծովագյուղի Երկաթգծի 5 հասցեի գույքը, Երևանի Թումանյան 35ա հասցեի ավտոտնակը, Փափազյան 118/1 շենքի 26-27-28 բնակարանները, Range rover sport SC3.0 մակնիշի ավտոմեքենան։ Վլադիմիր Գասպարյանին արգելվել էր տնօրինել Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը, Երևանի Թումանյան 39 շենքի 9-րդ բնակարանը, Mercedes-Benz S450 4Matic և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Նախկին ոստիկանապետի դստերը արգելվել էր տնօրինել Ծաղկաձորում Օլիմպիական 12/4 հասցեում գտնվող հողամասը, իսկ որդուն՝ կրտսեր Վլադիմիր Գասպարյանին, ԴԱՀԿ-ն արգելել էր տնօրինել Երևանի Վրթանես Փափազյան 2/5 հասցեի գույքը։
Հեղուշ Գալստյանը նաև 60 տոկոս բաժնեմաս ունի «Գալիլիա» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը զբաղվում է պահածոյացված ծովամթերքի, այլ պահածոների, նաև՝ հյութերի արտադրությամբ։ «Գալիլիա»-ն հիմնվել է 2014-ին, մինչև 2018-ը ընկերության միանձնյա բաժնետերը Գալստյանն էր, որը հետագայում «Գալիլիա»-ի 40 տոկոս բաժնեմասը փոխանցել է Անահիտ Մնացականյանին։ 2019-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրել էր, որ Սևանա լճից սիգի որսի արգելված լինելու պայմաններում պահածոյացված սիգ էր արտահանվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իտալիա ու Ռուսաստան։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա օգոստոսին 7.4 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել «Գալիլիա»-ի գույքի վրա։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ դատարանն արդեն վարույթ է ընդունել գործը։ Դատախազությունը, միևնույն ժամանակ, դեռ չի մանրամասնում, թե այդ գործով Գասպարյանին ու նրա ընտանիքին պատկանող որ գույքերն են բռնագանձման ենթակա: «Դատախազությունը դեռևս տեղեկատվություն չի տրամադրում այդ անձանց գույքի վերաբերյալ, առաջիկայում հնարավոր է հրապարակենք»,- ասաց Աբրահամյանը։
Մինչ Գասպարյանների գույքի բռնագանձումը Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել մեկ այլ հայցով՝ ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանից ու նրա ընտանիքից մոտ 485 միլիոն դրամի գույք բռնագանձելու համար՝ ներառյալ բնակարան Հյուսիսային պողոտայում, ավտոկայանատեղիներ ու ավտոմեքենաներ։