ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԲԱՑՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՀԱԴԱՇՏԸ
Մոսկվայի Կարմիր հրապարակի հայտնի սահադաշտն արդեն 16-րդ հերթական տարին է, ինչ բացվում է գեղասահքի սիրահարների համար: Բացման արարողությունն ուղեկցվել է գունագեղ շոուով, որին մասնակցել է 2006 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող Տատյանա Նավկան:
2005 թվականից ի վեր, Կարմիր հրապարակի տարածքում, որտեղ նաև Լենինի դամբարանն է, սեզոնային սահադաշտ է բացվում: Այնտեղ կարող է սահել չմշկասահքով հրապուրված ցանկացած մարդ:
Ֆեոդոր Պալկին (սահադաշտի այցելու) - Մենք այստեղ՝ ԳՈՒՄ-ի հարևանությամբ սահում ենք: Հիանալի միջավայր է: Դիտել ենք «Կարապի լճի» պրեմիերան Տատյանա Նավկայի մասնակցությամբ: Շատ բարձր տրամադրություն է այստեղ:
Ամենայն հավանականությամբ, սահադաշտը բաց կլինի մինչև գալիք տարվա գարունը, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` այն նախկին տարիների ծավալով չի գործի. սահմանափակումներ, ամեն դեպքում, կլինեն:
Անտոն Ալֆեր (նորաձևության պրոդյուսեր) – Այստեղ շատ գեղեցիկ է: Ընկերներիս նոր ասացի, որ եթե մանկությանս տարիներին նման շոու տեսնեի, հաստատ սառույցի հետ կապված մասնագիտություն կընտրեի ապագայում:
Ներկառուցված համակարգի շնորհիվ սահադաշտի սառույցը չի հալչում նույնիսկ այն դեպքում, երբ դրսում ջերմաստիճանը զրոյից բարձր է:
Տարիների ընթացքում Կարմիր հրապարակի սահադաշտը սիրելի վայր է դարձել մոսկվացիների համար: Նրանք մեծ հաճույքով են սահում քաղաքի հենց սրտում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե ամեն ձմեռ մեծ հաճույքով է հոկեյ խաղում Կրեմլի հարևանությամբ գտնվող սահադաշտում:
ԳԵՐՄԱՆԻԱ
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՍԱՆՏԱՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ՈՒՐԱԽԱՑՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ
Մի խումբ գերմանացիներ, սանտաների և Սուրբծննդյան հրեշտակների հանդերձանքով, դուրս են եկել Բեռլինի փողոցներ, զնգզնգացրել իրենց զանգակներն ու տոնական երգեր երգել: Նրանք ցանկացել են մի փոքր ուրախություն տարածել և թոթափել մարդկանց տխրությունը, որը պայմանավորված է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներով:
Անդրեաս Պենսկի (Սանտա կլաուս) - Իհարկե այս տարի ևս անցյալ տարվա պես դժվար է լինելու: Բայց մենք փորձում են բնականոն կյանքը վերադարձնել մեր ընտանիք: Անցյալ տարի աշխատել ենք համաճարակային կանոնների պահպանմամբ, նույն կերպ կվարվենք այս տարի: Այժմ Սանտա կարող են աշխատել միայն պատվաստվածները: Այսպես պաշտպանում ենք թե՛ մեզ, թե՛ մեր ընտանիքի անդամներին:
Ամեն տարի «Վարձույթով Սանտա» կոչվող ընկերության հարյուրավոր աշխատակիցներ էին զբաղված լինում տոնական օրերին: Սա արդեն երկրորդ հերթական տարին է, ինչ նրանց թիվը կտրուկ նվազել է:
Սանտաներին և Սուրբծննդյան հրեշտակներին մարդիկ վարձում են կազմակերպությունների միջոցառումների, առևտրի կենտրոնների, մանկապարտեզների, ռեստորանների համար, նաև նրանց կարելի է տուն հրավիրել Սուրբծննդյան գիշերը:
Անցյալ տարի, օրինակ, Սանտաներին հրահանգված էր դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել և խուսափել երգեր երգելուց: Եվ չնայած այս ամենին, Սանտաներն անում են ամեն ինչ՝ տոնական օրերին մեծերին և փոքրերին ուրախություն պարգևելու և տոնական մթնոլորտ ապահովելու համար:
ԲՐԱԶԻԼԻԱ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԲԵՐ ՇՏԱՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՏՎԵՐԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Թեև Բրազիլիան համարվում է քովիդ-19-ի՝ աշխարհի ամենաթեժ կետերից մեկը, Ռիո Դե Ժանեյրոյում ապրող բրազիլացիները չեն կարող թույլ տալ, որ վիրուսի տարբեր շտամների հետ կապված սպառնալիքը խաթարի իրենց տոնական մթնոլորտը:
Ռիոյի Իպանեմիա լողափնյա թաղամասի մայթերին Սանտա Կլաուսի հսկա և գունագեղ արձաններ են հայտնվել: Տեղացիները հույս ունեն, որ իրենց երկրում կորոնավիրուսի հետ կապված մղձավանջը մնացել է անցյալում, և այս տարի կարող են մի փոքր շունչ քաշել և ուրախանալ:
Մանավանդ որ Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ կփակեն իրենց երկրի սահմաններն աֆրիկյան վեց երկրից ժամանող զբոսաշրջիկների համար՝ կորոնավիրուսի՝ նոր օմիկրոն շտամից խուսափելու նպատակով:
Ազիզա (Ռիո Դե Ժանեյրոյի բնակիչ) - Ես խնդրում եմ տիեզերքին, որ այս նոր շտամը Բրազիլիա չմտնի կամ էլ մուտք գործելու դեպքում շատ չտարածվի, վերանա, քանի որ, փառք Աստծո, մեր ազգաբնակչության մեծ մասը պատվաստված է: Բրազիլիան օրհնված երկիր է, հույս ունեմ, որ խաղաղ կնշենք Սուրբ Ծնունդը, Ամանորն ու Կառնավալը:
Բրազիլացիները հիմնականում խաղաղվել են կորոնավիրուսի թոհուբոհից հետո, քանի որ համոզված են, որ պատվաստված լինելն իրենց կպաշտպանի նոր ալիքներից, և տոնական օրերը հավուր պատշաճի նշելու հնարավորություն կունենան:
ԻՍՐԱՅԵԼ
«ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇՐՋՈՒՄ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ
«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելում՝ դեկտեմբերի 12-ին: Միջոցառման շրջանակում մրցույթի մասնակից գեղեցկուհիները շրջել են Երուսաղեմի Հին քաղաքում:
Կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության միջոցառումների խիստ պահպանմամբ՝ աղջիկները դիմակներով լուսանկարվել են Սուրբ քաղաքի ֆոնին:
Էլիզա Գրոա (Միսս Տիեզերք Իսլանդիա 2021) - Ողջույն, իմ անունը Էլիզա է: Ես Միսս Տիեզերք Իսլանդիա 2021-ն եմ: Հրաշալի է, պարզապես նայեք իմ հետևում գտնվող տեսարանին, մյուս կողմում էլ ավելի լավ տեսարան կա: Թեև չգիտեմ՝ որ մեկն է ավելի լավը: Երուսաղեմում շրջելը հրաշալի է:
«Միսս Տիեզերքը» կանցկացվի Կարմիր ծովի «Էյլաթ» հանգստավայրում, թեև կորոնավիրուսի նոր շտամի՝ օմիկրոնի պատճառով որոշ երկրներից մուտքն Իսրայել սահմանափակված է:
Եվ չնայած կարանտինին և ճամփորդելու հետ կապված այլ սահմանափակումներին, Իսրայելի զբոսաշրջության նախարար Յոել Ռազվոզովը հայտարարել է, որ մրցույթի մասնակիցները հնարավորության դեպքում 48 ժամը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ կհանձնեն և կարող են ազատ շրջել երկրում: Իսրայելի լրատվամիջոցները հայտնել էին, որ մրցույթի մասնակիցներից մեկի մոտ քովիդ-19-ն է ախտորոշվել:
ՍԻՐԻԱ
ԴԱՄԱՍԿՈՍԻ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԻՐԵՐՆ ԵՆ
Դամասկոսի Սուրբծննդյան շուկայի այցելուները գնել են շոկոլադներ և այլ ձեռագործ աշխատանքներ, որոնց հեղինակը 16-ամյա Ռաղադն է, նա Դաունի համախտանիշ ունի: Աղջկան այս գործում օգնում են իր բազմաթիվ հասակակիցները, որոնք նույնպես հաշմանդամություն ունեն:
Ռաղադ Ալ-Ֆառան (Դամասկոսի Սուրբծննդյան շուկայի մասնակից) - Ողջույն, ես Ռաղադն եմ, շոկոլադ եմ պատրաստում: Բացի այդ, ասեղի ու թելերի օգնությամբ կտավ եմ պատրաստում: Իմ ստեղծած շոկոլադը նուշով ու չամիչով է: Ես ամեն ինչ պատրաստում եմ:
Ինը ամիս տևած պարապմունքներից և գործնական աշխատանքից հետո հաշմանդամություն ունեցող 60 երեխաները, որոնց թվում է Ռաղադը, ցուցադրել են իրենց աշխատանքները Սիրիայում գործող «Լարշ Ալ-Սաֆինա» կազմակերպության շուկայի ժամանակ: Այդ կազմակերպությունը Սիրիայում հիմնադրվել է 1995 թվականին: Իսկ ամենամյա տոնական շուկա նախաձեռնելն իր հիմնական գործառույթներից մեկն է: Սակայն Սիրիայի պատերազմից հետո պատժամիջոցների և դրանց հաջորդած տնտեսական ճգնաժամի պատճառով, որի մեղավորներից է նաև կորոնավիրուսի համավարակը, նվիրատվությունները պակասել են:
Եվ չնայած բոլոր մարտահրավերներին և նվիրատվությունների՝ 60 տոկոսով կրճատմանը, կազմակերպության նախագահը լիահույս է, որ այս շուկան կարող է բավականաչափ ֆինանսական միջոցներ գրավել, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ապրելու և առաջ գնալու հարցում:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՉԱՌԼԶ ԴԻՔԵՆՍԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՆՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
Լոնդոնի «Քրիստի» աճուրդի տանը վաճառքի է հանվել Չառլզ Դիքենսի նամակը: Նա դա գրել է այն ընթացքում, երբ շրջագայում էր Միացյալ Թագավորությունում և ներկայացնում իր «Սուրբծննդյան երգը» ստեղծագործությունը՝ մասնակցելով ընթերցումների:
Ընկերոջը` ճարտարապետ և պատգամավոր Սըր Ջոզեֆ Փաքսթոնին ուղղված չորսէջանոց ձեռագիր նամակում Դիքենսը գրում է, որ Փաքսթոնին քաղաքական հայացքների համար համոզել են չմասնակցել իր պատվին կազմակերպած ընթրիքին:
Թոմաս Վենինգ («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Սա իսկապես հիանալի նամակ է, քանի որ այն երկու մեծ մարդկանց` Չառլզ Դիքենսի և Վիկտորիանական դարաշրջանի մեկ այլ հայտնի անձնավորության` Սըր Ջոզեֆ Փաքսթոնի մասին է: Դիքենսը նամակում բավականին պատկերավոր նկարագրում է, թե որքան հիասթափված է, որ իր ընկերոջը չեն հրավիրել ընթրիքին, և բավականին ներկայացնում է Ուայթեն անունով մի գործարարի, որն այս ամբողջ խաթնաշփոթի մեղավորն է:
Դիքենսը նամակը գրել է 1958 թվականի դեկտեմբերի 6-ին: Ակնկալվում է, որ նամակը կվաճառվի 4-6 հազար ֆունտ ստեռլինգով: Նախկինում ևս վաճառվել են Դիքենսի գրած նամակները, սակայն դրանք այս մեկի համեմատ ավելի ցածր են գնահատվել: Այս նամակը յուրահատուկ է նաև դրանով, որ այնտեղ հիանալի ներկայացված է այդ ժամանակվա Սուրբծննդյան շունչը:
ԲՐԱԶԻԼԻԱ
ՇՆԵՐԻ ՍԵՐՖԻՆԳԻ ՓԱՌԱՏՈՆ
Բրազիլիայի ծովափնյա Նատալ քաղաքում անցկացվել է շների սերֆինգի փառատոնը: Մարդկանց չորքոտանի բարեկամներն ուղղակի «թագավորել» են ալիքների վրա:
Մրցույթի ժամանակ շունը և իր տերը կանգնել են սերֆինգի նույն տախտակի վրա և սահել ալիքների վրայով: Սկսնակ մասնակիցներին փրկարարական բաճկոններ են հագցրել` նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով:
Առաջին տեղը զբաղեցրել են Պարաֆինան և իր տերը` Ավգուստո Սեզարը: Հաղթող զույգը նախկինում նվաճել է աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալներ:
Ավգուստո Սեզար (հաղթող ճանաչված շան տերը) - Ես իսկապես հուզված եմ, շատ շնորհակալ եմ այստեղ լինելու և այս տիտղոսը նվաճելու համար:
Փառատոնի համակարգող Ժակլին Քորդեյրոյի խոսքով՝ այս միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդն ու ընտանի կենդանին կարող են հրաշալի թիմակիցներ լինել նաև լողափում:
ԹԱԻԼԱՆԴ
ԿԱՊԻԿՆԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԹԱԻԼԱՆԴ
Թաիլանդի կենտրոնական Լոպբուրի քաղաքում հազարավոր կապիկներ տեղացիների և զբոսաշրջիկների ներկայությամբ ավելի քան 2 տոննա միրգ-բանջարեղեն են վայելել: Այս տարի կորոնավիրուսով պայմանավորված երկամյա դադարից հետո վերջապես նշվել է Կապիկների փառատոնը:
Բամաթիվ մակականեր, որոնք հայտնի են նաև «երկարապոչ կապիկներ» անվամբ, մագլցել են մարդկանց և մրգերի ու բանջարեղենի կույտերի վրայով: Ճոխ հյուրասիրության մեջ, ինչ խոսք, ներառված են կապիկների սիրելի բանանն ու արքայախնձորը:
Այուբ Բուխարի (զբոսաշրջիկ) - Ես ընկերներիս հետ երեկվանից այստեղ եմ: Այս տեսարանը բավականին անսպասելի է մեզ համար: Կապիկները շատ ծիծաղելի են: Ես իսկապես ուրախ եմ տեսնել այս ամենը: Կարծում եմ` հաջորդ փառատոնին նույնպես կգամ:
Ավելի քան 3 հազար դոլարանոց այս միջոցառումն ամենամյա ավանդույթ է տեղացիների համար: Նրանք այսկերպ իրենց շնորհակալությունն են հայտնում պրիմատներին, որոնք մեծ դերակատարում ունեն զբոսաշրջիկներին Լոպբուրի բերելու գործում: Համանուն գավառը հայտնի է նաև «Կապիկների գավառ» անվամբ:
Այս տարվա փառատոնի թեման էր «Անվասայլակով կապիկների երեկույթը»: Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև 100 անվասայլակ նվիրաբերել դրա կարիքն ունեցող կապիկներին:
Զբոսաշրջիկներն սկսել են աստիճանաբար վերադառնալ Թաիլանդ, երբ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների համար առանց կարանտինի ճանապարհորդության կարգը: Դրա շնորհիվ մեկ ամսվա ընթացքում 100 հազար զբոսաշրջիկ է այցելել Թաիլանդ, իսկ դա այս տարվա առաջին տասն ամսվա ընդհանուր ցուցանիշն է:
ԹՈՒՆԻՍ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇՈՈՒՈՒՄ
Թունիսի մայրաքաղաք Թունիսում անցկացվել է նորաձևության շոու, որին մասնակցել են հաշմանդամություն և քաղցկեղ ունեցող կանայք: Միջոցառման նպատակն է պայքարել գեղեցկության չափանիշների մասին սխալ պատկերացումների դեմ:
12 կանայք ու երիտասարդ աղջիկները, որոնք կամ հաշմանդամություն, կամ քաղցկեղ ունեն, փայլել են բեմում՝ «Դու գեղեցիկ ես» խորագիրն ունեցող նորաձևության շոուի կատվաքայլի ժամանակ: Նրանք ներկայացրել են գունագեղ ու նորաձև զգեստներ:
Մոդելների թվում է 40-ամյա Խմիրի Զաքեան, որը 2009 թվականին տեղի ունեցած վթարի պատճառով այրվածքներ է ստացել և մինչև օրս պայքարում է սոցիալական խարանի դեմ:
Խմիրի Զաքեա (մոդել) - Ես շատ էի պայքարում հասարակության դեմ: Այդ պայքարն ինձ ուժասպառ էր անում: Բայց, փառք Աստծո, ես կարողացել եմ հաղթահարել այդ վիճակը և այն վատ խոսքերը, որ լսում էի իմ հասցեին:
Նորաձևության շոուի մասնակիցներն ասում են, որ ցանկանում են ցույց տալ հասարակությանը, որ ցանկացած մարդ, անկախ նրանից, թե ինչ է պատահել իր հետ, ինչ դժբախտությունների միջով է ստիպված եղել անցնել, միևնույն է, ապրելու իրավունք ունի, քանի որ մյուսների նման սովորական մարդ է:
ՖՐԱՆՍԻԱ
ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
Ստրասբուրգում բացվել է Ֆրանսիայի Սուրբծննդյան ամենանշանավոր տոնավաճառը, որն անցյալ տարի չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս տարի սովորական տեսարանը մի փոքր փոխվել է. տաք շոկոլադի և գինու կողքին կարելի է տեսնել ձեռքերի համար նախատեսված ախտահանող միջոցները:
Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ Սուրբծննդյան տոնավաճառներ կարող են այցելել «կանաչ անձնագիր» ունեցող դիմակով մարդիկ:
Դանիել Ուիլյամսը, որի ընտանիքը Սուրբծննդյան փայտե զարդարանքներ է պատրաստում Ֆրանսիայի արևելյան Էլզաս շրջանում, ասում է, որ տոնավաճառի վերաբացումը բարձրացրել է իրենց բարոյահոգեբանական վիճակը:
Դանիել Ուիլյամս (Սուրբծննդյան տոնավաճառի մասնակից) - Մարդկանց հետ շփվելը, նրանց նորից տեսնելն իսկապես մեծ ուրախություն է պատճառում: Մենք իրոք կարոտել ենք այս ամենը: Հույս ունեմ այցելուների տեսնել նաև արտասահմանից, գուցե նաև Գերմանիայից: Սպասենք ու տեսնենք:
Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառին մասնակցել են նաև ամերիկացի և գերմանացի զբոսաշրջիկներ: Վաճառքի են հանված Սուրբծննդյան ավանդական զարդարանքներ, մոմեր, տոնական այլ իրեր: Բանն այն է, որ Գերմանիայում այս տարի ևս կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Սուրբծննդյան տոնավաճառները: