Սպիտակի երկրաշարժից հետո, 33 տարվա ընթացքում 5419 ընտանիքից լուծվել է 5177-ի բնակարանային խնդիրը, 242-ը դեռ սպասում է: 2008-2019 թթ. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին տանիքով ապահովելու համար պետությունը ծախսել է 67 մլդ դրամ. տվյալները Քաղաքաշինության կոմիտեինն են: Անցած տարվանից մեկնարկել է 214 ընտանիքի բնակապահովման գործընթացը: Նրանցից 187-ը գերադասել է պետական աջակցությունն օգտագործել իրենց ունեցած բնակելի տարածքը նորոգելու, բարեկարգելու համար: 20 ընտանիք պետությունից ստացել է բնակարանի գնման վկայագիր, ևս 7 ընտանիք էլ պարզապես նախընտրել է ստանալ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ավարտին, այնուամենայնիվ, մնում է բնակարանամուտ չտոնած 28 ընտանիք:
Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Այսինքն՝ 214-ի խնդիրը մեկնարկել է 2020-ին և արդեն մինչև տարեվերջ կավարտվի, մարզպետարանները արդեն ամփոփում են աշխատանքները: Այստեղ կա նաև 28 ընտանիքի խնդիր, որոնք հիմնականում Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրից են: Այս ընտանիքները քանի որ Կապսի Ջրամբարի վերաբնակեցման ծրագրով են, խնդրել են, որ իրենց ներառեն այդ ծրագրի շրջանակում:
Այն մարդիկ, որոնք տուժել են երկրաշարժից, բայց ժամանակին չեն ներառվել աջակցության ծրագրերում, այժմ կարող են դատական կարգով վերականգնել բնակապահովման իրենց իրավունքը:
Նման ընտանիքների խնդիրները կլուծվեն տարեկան բյուջեի շրջանակում՝ ԲԳՎ-ի տրամադրմամբ: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերի 1 սենյականոց բնակարանների շահառուները, որոնց ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրվի 3 մլն դրամի չափով:
2019-20-ին՝ ծրագրի վերջին փուլում հաշվառել-գույքագրել են մոտ 7200 վթարային շենք ու շինություն, որոնց մեծ մասում մարդիկ դեռ բնակվում են:
Կառավարությունն ամրագրել է, որ մինչև 2026 թվականը տնակների և դրանցում բնակվողների որոշակի ձևաչափ և մեթոդաբանություն է մշակվել՝ կարգավիճակի գնահատման համար ներկայումս գնահատման մեխանիզմներ են մշակվել, ֆինանսական հաշվարկները կհաջորդեն, այն տրամաբանաությամբ, որ 2021-ից ավարտենք, 2023-ին ֆինանսական միջոցներ ուղարկենք ծրագրի ուղղությամբ:
Նախնական հաշվարկով՝ հանրապետության բնակֆոնդից 614 շենք և 1200 տուն 3-4-րդ աստիճանի վթարային վիճակում են: Մինչև 26 թվական նախատեսվում է այդպիսի կառույցներիի 70 տոկոսը քանդել: