Արմավիրի 96 բնակավայրեր միավորվել են 7 խոշորացված համայնքներում: Այսօր բոլոր 7 փնջերում ավագանի էին ընտրում համամասնական ընտրակարգով:
Ամենահանգիստը 11 բնակավայր ներառող Արմավիր խոշորացված համայնքում էր: Ընտրությանը մասնակցում էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 46-հոգանոց ցուցակով: Ցուցակի առաջին համարը՝ գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ընտրության էր եկել որդու հետ:
Թե ինչու է ընտրությունը ոչ մրցակցային, Խուդաթյանի կարծիքով, պատասխանը պետք է փնտրել ընդդիմադիր դաշտում:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ կուսակցություն) - Էդ հարցի հասցեատերը ես չեմ, ընդդիմությունն է, որ որոշել է թեկնածու չառաջադրել՝ ստեղծելով ավելի պարտավորեցնող իրավիճակ: Ես կոչ եմ անում քաղաքացիներին, որ հանգիստ չվերաբերվեն ընտրապայքարին և ակտիվություն ցուցաբերեն ու մասնակցեն ընտրությանը:
Մեկ թեկնածուով ընտրությունը հարցեր է առաջացրել բնակիչների շրջանում: Շատերի կարծիքով՝ եթե հաղթողը հայտնի է, քվեարկությունն այդքան էլ պարտադիր չէ:
Խոշորացված Արմավիրի բնակիչները կուզեին մրցակցություն տեսնել, բայց կարծում են՝ ընդդիմությունն այս տարածքում թերագնահատել է իր հնարավորությունները՝ պայքարի դաշտը թողելով գործող քաղաքական ուժին:
Անհամեմատ ակտիվ էին 17 բնակավայր ներառող Խոյ խոշորացված համայնքի ընտրողները:
Գեղակերտի երկու տեղամասերում, որոնք տեղակայված էին նույն հասցեում՝ դպրոցի շենքում, մարդկանց հոսք կար: Միավորված Խոյում ավագանու տեղերի համար պայքարում է երեք քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»:
Բնակիչները քվեարկում էին ապագայի լավատեսությամբ:
Ամենամեծ խոշորացված համայքում՝ Մեծամորում, որը 31 բնակավայր ունի, ևս փոքր-ինչ ակտիվություն կար: Այստեղ էլ ավագանու մանդատի համար պայքարում են ՀՅԴ-ն և ՔՊ-ն:
Մրգաշատի 15/08 տեղամասում ընտրողները շփոթվել էին քվեաթերթիկում անձնանունների բացակայությունից: Մրգաշատն ամենաակտիվ համայնքներից է:
Ընտրություններին սովորաբար մինչև 60 տոկոս մասնակցություն են ապահովում: Թեև խոշորացված կարգավիճակում առաջին անգամ են մասնակցում ընտրության, իրենց պարտքն են համարում չխախտել ցուցանիշը: