«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացնում է դիտորդություն հանրապետության բոլոր համայնքներում, որտեղ տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ։
Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում խոսեց հիմնական խախտումների մասին։
«Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք։ Աշտարակում արձանագրվել է դիտորդի իրավունքների խախտում, և արձանագրվել է դեպք, երբ վստահված անձը կրել է «Հայաստան» դաշինքի վկայական։ «Հայաստան» դաշինքն այս ընտրություններում որևէ կերպ չկա, դաշինքի վկայականը հունիսի 20-ի ընտրություններից է։ Մի շարք համայնքներում տեղամասերին հատկացվել է ավելի քիչ քվեաթերթիկ, քան ընտրողների ցանկն է։
Ախուրյանում «Ախուրյան» դաշինքի վստահված անձի կողմից բավականին խնդրահարույց գործողություններ են նկատվել մեր դիտորդների կողմից, մասնավորապես նա բերում էր ընտրողներին ընտրատեղամաս և ակնհայտորեն ուղղորդում նրանց։ Արտաշատում միաժամանակ տեղամասում գտնվել է «Օրենք և արդարություն» կուսակցության 2 վստահված անձ։
Թալինում «Քաղաքացիական պայմանագրի» 2 վստահված անձ ենք արձանագրել միևնույն ժամանակ տեղամասում»,- ասաց Իոաննիսյանը։
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ քարոզչական պաստառներ են փակցված եղել արգելված տեղերում։ Դրանք եղել են հետևյալ համայնքներում՝ Աշոցք, Արտաշատ, Նոր Հաճն, Վայք, Վանաձոր։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև արձանագրել ենք քրեական օրենսգրքով արգելված արարքներ, մասնավորապես Գառնիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ներկայացրել ենք հաղորդում քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի մասով, իսկ Վայքում մի թեկնածու ասֆալտապատում էր իրականացնում իր հաշվին, և դա զուգորդում էր քարոզչությամբ, ինչը արգելված է քրեական օրենսգրքով»,- ասաց Իոաննիսյանը։