ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի՝ Սարգիս Ղարաքեշիշյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2004 թ.-ից մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2012 թ. նոյեմբերը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները:
Վերջինս Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, տարբեր չափերով և նպատակային նշանակության հողամասերն օտարել է քաղաքացիների և իրավաբանական անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված բարեգործական հիմնադրամին, վերջինի կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, մորաքրոջ որդուն, ընկերոջ որդուն, ինչպես նաև Ստեփանավան համայնքի ավագանու անդամի կողմից ղեկավարած ԲԲ ընկերությանը՝ այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Համայնքը զրկվել է չմասնավորեցվող հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելուց, իսկ պետական սեփականության, «Անտառային» նպատակային նշանակության հողամասն ապօրինի կերպով ձևակերպվել է որպես մասնավոր սեփականություն, որի արդյունքում այդ հողամասը ձեռք բերողն այն անարգել տնօրինելու իրական հնարավորություն է ստացել:
Այնուհետև Ստեփանավանի նախկին քաղաքապետը, վերը նշված հանցավոր արարքների արդյունքում վերոնշյալ բարեգործական հիմնադրամի, ՍՊ ընկերության, ինչպես նաև իր մորաքրոջ որդու անվամբ ձևականորեն ձեռքբերված և սեփականության իրավունքով հաշվառված՝ Ստեփանավան քաղաքի վարչական սահմանում գտնվող հողամասերի իրական բնույթը, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2014 և 2017 թթ. օտարման միջոցով նշված հողամասերը փոխանցել է իր որդիներին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ստեփանավանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի(հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի 2-րդ կետով:
2021թ. նոյեմբերի 1-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Վերջինիս կողմից քննությունից թաքնվելու հիմքով 2021թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: 2021թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: