Մասիս խոշորացված համայնքում ևս այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Ընտրություններն անցկացվում են համամասնական եղանակով:
Համայնքը ներառում է 27 բնակավայր։ Այստեղ կա 62 950 ընտրող և 44 ընտրատեղամաս։ Ժամը 08.00ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը բացվել են, քաղաքացիները գալիս են ընտրության։
Մասիս համայնքում ընտրությանը մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է, և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի առաջին համարը Դավիթ Համբարձումյանն է՝ Մասիս քաղաքի գործող քաղաքապետը։
Թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մայիս Ղազարյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ժամը 11.00-ի դրությամբ ընտրողների մասնակցության տոկոսը 7.19 է:
«Ճիշտ է, ոչ մի ընտրության ժամանակ այսքան ցածր մասնակցության տոկոս չի եղել, բայց հնարավոր է՝ եղանակային պայմաններից ելնելով է. ցրտաշունչ էր առավոտյան: Հիմա երկրորդ եռաժամի տվյալներով կերևա՝ մասնակցության տոկոսը բարձրանո՞ւմ է, թե՞ էլի նվազագույն տարբերակով է առաջ գնում»,- ասել է Ղազարյանը:
Նրա խոսքով՝ 44 տեղամասերում ամեն ինչ խաղաղ է, հանգիստ։
«Այս պահի դրությամբ ընդհանրապես ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ոչ մի ահազանգ չունենք ընտրախախտման վերաբերյալ կամ որևէ խախտման վերաբերյալ. շատ հանգիստ ընտրություն է գնում»,- ասել է նա՝ հայտնելով, որ միայն մեկ ընտրատեղամասում է էլեկտրականության հետ կապված խնդիր եղել, որը մի քանի րոպեում լուծվել է։
Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոնների պահպանմանը, ապա Մայիս Ղազարյանը նշել է, որ բոլոր 44 տեղամասերին տրվել են ախտահանիչներ, դիմակներ և ցուցանակներ՝ քովիդի վերաբերյալ տեղեկատվությամբ:
«Ունեցանք մեկ, թե երկու դեպք, որ հանձնաժողովի անդամը քովիդով էր հիվանդացել, չթողեցինք մասնակցի և տեղը նոր մարդ ենք նշանակել. անվտանգության կանոնները պահպանում ենք»,- հայտնել է հանձնաժողովի նախագահը։
Մասիսի 11/09 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արարատ Գաբրիելյանն էլ «Լուրերի» թղթակցին հայտնել է՝ ընտրողների ընդհանուր թիվը 1815 է։
«Ժամը 11.00-ի դրությամբ ունեցել են 103 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 5.7 տոկոսը։ Հույս ունեմ, որ ժամը 14.00-ից պետք է ակտիվանա»,- ասել է նա:
«Լուրջ խնդիր չենք ունեցել, հուսով եմ՝ չենք ունենա, որովհետև տեսնում ենք՝ գիտակից ընտրողներ են, կուտակումներ չեն եղել, աղմուկ-աղաղակ չկա. հույս ունենք, որ ընտրությունները լավ ավարտ կունենան, և մեր քաղաքացիները կանեն իրենց ճիշտ ընտրությունը, քանի որ դրանից է կախված իրենց ապագան»,- նշել է Արարատ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքում տեղի են ունենում ընտրություններ, համայնքներից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի գերազանցում 4000-ը։
Մասնավորապես, համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ են ընթանում Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում: