«Լուրերի» թղթակիցը գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում, որն ընդգրկված է Գավառ խոշորացված համայնքի կազմում, որտեղ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվում: Գավառ համայնքում ընտրելու իրավունք ունի 44 հազար 216 քաղաքացի:
Ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է ՀՅԴ անդամ Լավրիկ Արևշատյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Նորատուսի թիվ 19/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նաիրա Ներսիսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ քվեարկությանը մասնակցելու մասնակցելու իրավունք ունի 1471 ընտրող, որից ՏԻՄ ընտրությանը, ժ. 14.30-ի դրությամբ, մասնակցել է 431 ընտրող:
«Միջին մակարդակի է գտնվում ընտրությունն այս պահին»,- տեղեկացրեց Ներսիսյանը:
Գավառի 19/7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գոհար Խաչիկյանը հայտնեց, որ 1710 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 420 մարդ:
Նորատուսի 19/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սևակ Վարդանյանի խոսքով՝ այնտեղ 1531 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 338 մարդ: