«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնել 36 համանքներում, որտեղ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը խոսեց խախտումների մասին և անդրադարձավ Ապարանի գյուղերից մեկում իրենց արձանագրած դեպքին։
«Ապարանի գյուղերից մեկում բացահայտվել է «քվեաթերթիկների կարուսել»։ Դա քվեարկության գաղտնիության խախտման կոպտագույն ու ամենամասսայական ընտրախախտումներից է, որը բացահայտվել է և որի մասով հենց այս պահին ոստիկանությունը տեղում գործունեություն է իրականացնում։
Բավականին հետաքրքիր դեպք եղել է Ախուրյանում։ 32/16 տեղամասում քվեարկելու եկել է ՌԴ քաղաքացի։ Էլեկտրոնային գրանցման սարքը դեղին լույս է վառել, ինչը նշանակում է, որ այդ անձը ցուցակում չի եղել, բայց տպված ցուցակում այդ անձը եղել է։ Նրան թույլ չեն տվել քվեարկել։ Խնդիրը ոչ միայն այն է, որ քվեարկելու իրավունք ունեցող անձը չի քվեարկել, այլև, որ առկա էին տարբերություններ ցուցակներում»,- ասաց Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ Սպիտակում մի քանի թեկնածու միաժամանակ փորձել է մտնել տեղամաս, բայց դա կանխվել է։
«Իսկ Նոր Հաճնի տարբեր տեղամասերում նկատվել են կուտակումներ։ Թումանյանում՝ 24/02 տեղամասում, հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին, և հանձնաժողովում օրինականության հետ համարյա կապ չունեցող պրոցես է այնտեղ։ Վաղարշապատում խնդրահարույց իրավիճակ էր՝ կապված կույրերի հետ, այնտեղ կազմակերպված օգնություն է եղել։ Վարդենիկ գյուղում բավականին շատ էին կուտակումները, և օգնողների ինստիտուտով քվեարկության գաղտնիությունն է խախտվել»,- ասաց Իոաննիսյանը։
Իոաննիսյանը նշեց նաև, որ Ծովագյուղում ու Սեմյոնովկայում քաղաքացիները բոյկոտել են ընտրությունները։
«Ծովագյուղում 1927 ընտրողներից որևէ մեկը չի մասնակցել ընտրություններին, Սոմյոնովկայում՝ 195-ից։ Սեմյոնովկայի դեպքում պատճառները մեզ հայտնի չեն, իսկ Ծովագյուղում, ըստ էության, գյուղացիների բողոքն է ընդդեմ խոշորացման»,- հայտնեց նա։