Հանրային սննդի տարբեր օբյեկտներում քաղաքացիների թունավորումների դեպքերը սննդի առաջնային հումքով պայմանավորված չեն: Սա Սննդի անվտանգության տեսչական մարմնի եզրահանգումն է: ՍԱՏՄ-ում վստահ են՝ սալմոնելա, ստաֆիլոկոկ հարուցիչներ հայտնաբերվել են եփած մսում:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Բոլոր թունավորումները, որ եղան, բացարձակ իրար հետ կապ չունեն, որովհետև յուրաքանչյուրը առանձին ներկրողից Է հավեր առել:
ՍԱՏՄ-ն տարվա ընթացքում հայտնաբերել է սննդային թունավորման ընդհանուր 18 դեպք, որի հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ: Ըստ ՍԱՏՄ-ի՝ բոլոր դեպքերն էլ պայմանավորված են եղել մարդկային գործոնով: Հիմնականում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ կանոնները: Եթե նույնիսկ հարուցիչով ներկրված մթերք մուտք գործեր երկիր, միևնույն է՝ այն 70 աստիճան ջերմային մշակման պայմաններում չեզոքանում է՝ ասում է սննդամթերքի անվտանգության պատասխանատուն:
Գեորգի Ավետիսյան - Որտեղ նայեցինք՝ եփածում կար, հումքում չկար: Երկրորդային խնդիր ունենք այստեղ, այսինքն՝ աշխատակիցների և մարդկային ֆակտորի խնդիր Է եղել:
Այս դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ միաժամանակ թունավորման դեպքեր են գրանցվում մեկ ընկերության տարբեր մասնաճյուղերում: ՍԱՏՄ ղեկավարը չի բացառում, որ միսը կարող է եփված լինել մեկ սննդի կետում, մատակարարվել մի քանիսին: Լաբորատոր ուսումնասիրություններով հայտնաբերվել է ոչ միայն սալմոնելա, որը համարվում է կենդանական ծագման հարուցիչ, այլև ոսկեգույն ստաֆիլոկոկ:
Գեորգի Ավետիսյան - Ոսկեգույն ստաֆիլոկոկը արդեն սանիտարահիգիենիկ հարուցիչ ա համարվում, սա ո՛չ թռչունների, ո՛չ կենդանիների մոտ հիվանդություն չի առաջացնում:
Երրորդ երկրներից Հայաստան ներկրվող անասնաբուժական հսկողության ենթակա բոլոր բեռները պարտադիր լաբորատոր զննության են ենթարկվում սահմանին: Գործընթացը պարտադիր չէ միայն ԵԱՏՄ երկրներից ներկրվող սննդամթերքի համար, քանի որ այս պարագայում ստուգվում են անասնաբուժական վկայականները:
Թունավորման վերջին դեպքերով հիմա զբաղվում են իրավապահները: