Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Նոր Նորքում հասարակական տրանսպորտը, տաքսիները ստուգեց ու 5 արձանագրություն կազմեց: Մասնագետները դրական միտում են տեսնում, նշում՝ հասարակական տրանսպորտում պատշաճ պահպանվում են հակահամաճարակային կանոնները:
Էդուարդ Խաչատուրյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի ավագ մասնագետ) - Միկրոավտոբուսային, ավտոբուսային ուղևորափոխադրում իրականացնող վարորդների մոտ շատ մեծ դրական տենդենց է նկատվում, այսինքն՝ վարորդները դիմակները կրում են պատշաճ կերպով, մեծ մասը և մեր քաղաքացիների մոտ էլ դրական տենդենց կա:
Ավտոբուս, միկրոավտոբուս, ստուգելիս, խախտում արձանագրելիս տեսուչներն առաջին անգամ նախազգուշացում են տալիս, դրանք չվերացնելու դեպքում ավելի կոշտ միջոցների անցնում՝ տուգանում տնտեսվարողին: Վարորդի փաստաթղթերն էլ պարեկներն են ստուգում:
Անդրանիկ Չոբանյան (պարեկ) - Ժամկետանց փաստաթղթերի հետ կապված պարտադիր արձանագրում ենք, որ փաստաթղթերը ժամկետանց են, իսկ կան խախտումներ նվազ նշանակության, որոնք զգուշացնում ենք, որ ուղղեն անպայման, թերությունը վերացնելուց հետո թույլատրում ենք շարժվեն:
Ուղևորներից շատերը դժգոհում են, որ ախտահանիչ միջոցները մաքուր չեն, ու դա է պատճառը, որ չեն օգտվում: Վարորդներն էլ հակադարձում են՝ որ չեն օգտվում, ինչու են շշերը դատարկ:
Ուղևոր - Շատ էլ օգտվում են, դրա համար մեկ-մեկ ըտենց էլ ա լինում, եկեղեցում էլ ա մոմը պակաս ըլնում, ոչ մեկ չի բերում, հասցնում:
Այս շաբաթ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում 205 տրանսպորտային միջոց է ստուգել ու ընդամենը 17 արձանագրություն կազմել: