Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին: ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը: Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:
Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Ունենալով նախկին փորձը՝ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը, հնարավոր է՝ չպատասխանի կամ ժամանակ խնդրի հարցադրումներին պատասխանելու համար: Դատարանից դեկտեմբերի 1-ին ծանուցում ստացանք, որ Ադրբեջանը խնդրել է երկարաձգել պատասխանների համար:
Ստրասբուրգի դատարանի որոշումների ու վճիռների կատարումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո է: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումն ու նախարարների կոմիտե դիմելու անհրաժեշտություն չի լինի:
Լիպարիտ Դրմեյան - Նախորդ անգամ մենք բարձրացրինք այս հարցը մի քանի անգամ դատարանի առջև, մի քանի անգամ դիմում գնաց, և արդյունքում ծանուցում ուղարկեց նախարարների կոմիտեին, որ իր որոշումները չեն կիրառվում, որ նախարարների կոմիտեն իր հսկողության տակ պահի այդ հարցը: Այս դեպքում էլ, եթե ունենանք նման վիճակ, դիմելու ենք այդ մեխանիզմին, ուղղակի հարցը բացառապես դատարանի հայեցողության ներքո է, ինքն է որոշելու՝ ծանուցե՞լ, թե՞ ոչ: Հուսանք՝ գործը դրան չի հասնի, և դեկտեմբերի 6-ին կունենանք ինչ-որ պատասխան ադրբեջանական կողմից:
Նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով ադրբեջանական հսկողության տակ անցած 4 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում էին ներկայացրել իրավապաշտպանները, անցած շաբաթ Եվրադատարանը բավարարել էր պահանջը: Թե քանի՞ հոգու գործով է Ստրասբուրգ դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը՝ չի հստակեցվում: Միջազգային իրավունքի փորձագետի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ժամկետը խախտելով՝ Ադրբեջանը փորձում է իրավական հարթակում ձգձգել հարցը՝ քաղաքական նպատակների համար:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Ադրբեջանը հայտնի է արդեն, չմոռանանք առաջին ռեֆորմներից 2014-ից հետո առաջին վարույթը, որ հարուցվել էր, որ կոնկրետ գործով Ադրբեջանը հրաժարվում է կատարել, եղել է հենց Ադրբեջանը՝ Մամադովի գործով: Որոշակի իմիջ արդեն կա Ադրբեջանի դեմ ձևավորված և՛ նախարարների կոմիտեում, և՛ Եվրադատարանում վճիռների չկատարման առումով: Լրագրողի հետ կապված գործ է՝ ազատությունից զրկված էր և ՄԻԵԴ-ի որոշումով հրահանգվել էր ազատ արձակել նրան, Ադրբեջանը մոտ 3 տարի չէր կատարում այդ որոշումը:
Ադրբեջանը ՄԻԵԴ-ի պահանջով պետք է գերիների մասին ամբողջական տեղեկություններ ներկայացնի: Դատարան ներկայացված դիմումները կոնկրետ անձանց վերաբերյալ են: Ուստի Ադրբեջանի պատասխանից հետո որոշակի հստակություն կմտցվի, թե նոյեմբերի 16-ի գործողությունների հետևանքով դեռ քանի զինծառայող է պահվում Ադրբեջանում: