ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրադրությունը Հարավային Կովկասում: Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են Երևանի և Բաքվի՝ տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում գործակցելու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու պատրաստակամությունը:
Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող գործնական հարցերի լուծման հանդեպ կողմերի տրամադրվածությունը: Նախագահներն անդրադարձել են նաև Դոնբասի խնդրին, հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի ակտիվությանը, այդ թվում՝ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառմամբ։
Պուտինն ընդգծել է, որ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ներգործության ցանկացած փորձից:
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ՇԱՏ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» Է ՎԱՃԱՌԵԼ
Թուրքիան Ուկրաինային ավելի շատ «Բայրաքթար» TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել, քան հաղորդվել է․ ապագայում կարող են լինել նոր մատակարարումներ: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին․ խոսքը մի քանի տասնյակ սարքերի մասին է։
Առաջիկայում նախատեսվում է, որ Թուրքիան ևս 24 անօդաչու թռչող սարք կմատակարարի Ուկրաինա։ Թուրքիայի կառավարության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել շրջանառվող լուրերը։ Ուկրաինան Թուրքիայի հետ ԱԹՍ-ների գնման պայմանագիր է կնքել 2018 թվականին, ըստ ոչ պաշտոնական տվյալների, խոսքը «Բայրաքթար» TB2 6 ԱԹՍ-ի և 3 կառավարման կայանի մասին է։ Մատակարարումն ավարտվել է 2019 թվականի նոյեմբերին։ Գումարը կազմել է 69 մլն դոլար։
Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ «Բայրաքթար» կիրառել են հոկտեմբերի 26-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաճառքի մասին պայմանագրից հետո սարքերը այլևս թուրքական չեն կարող կոչվել։
ԱՄՆ-Ն ՈՒ ՌԴ-Ն ՎԻԶԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը առաջընթաց են գրանցել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին ռուսական դիվանագիտական մուտքի վիզաների տրամադրման հարցում։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարությունը։ «Մենք շարունակում ենք աշխատել այս խնդրի լուծման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձեռք բերված դրական զարգացումները շարունակական կլինեն։ Ամերիկան քննարկում է Ռուսաստանի հետ վիզաների հարցը»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ամերիկյան կողմը 3 տարով սահմանափակել է ռուսական առաքելությունների աշխատակիցների գործուղումների ժամկետները։ Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ պետքարտուղարության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից հեռանալուց հրաժարվելու դեպքում 55 ռուս դիվանագետ կզրկվի անձեռնմխելիությունից և դիվանագիտական այլ արտոնություններից։
ԱՄՆ դեսպանատունը նաև հայտարարել էր, որ մայիսի 12-ից կկրճատի հյուպատոսական ծառայությունների քանակը, այդ թվում՝ կկասեցնի դիվանագիտական ճանապարհորդությունների համար չնախատեսված վիզաների փաստաթղթերի ուսումնասիրումը։
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ դիվանագիտական առաքելությունների նկատմամբ ԱՄՆ մոտեցումը կօգնի ավելի կանխատեսելի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ։
ՕՄԻԿՐՈՆԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ Է
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների թիվն օրեցօր աճում է Միացյալ Նահանգներում: Նոր դեպքեր են գրանցվել 50 նահանգից առնվազն 10-ում։ Նախագահ Ջո Բայդենը խստացրել է ԱՄՆ մուտքի կանոնները։ Հաջորդ շաբաթից ԱՄՆ ժամանող անձինք, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիները, պետք է ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնեն՝ անկախ պատվաստված լինելուց։ Գնացքներում, ինքնաթիռներում և ավտոբուսներում դիմակ կրելը պարտադիր է լինելու մինչև մարտ։ ԱՄՆ-ի ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչիի խոսքով՝ օմիկրոնի տարածումը նման է անվերահսկելի անտառային հրդեհի։
Վարակը հիմնականում հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայից ժամանած քաղաքացիների մոտ։ Սակայն գրանցվել են դեպքեր, երբ նոր շտամով վարակված քաղաքացիները վերջերս ճանապարհորդած չեն եղել։ Ավելի վաղ ԱՄՆ-ը ժամանակավորապես արգելել էր մուտքը Հարավային Աֆրիկայի 8 երկրից։