ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի։ Բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակում և դրանից դուրս։ Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ նիստի շրջանակում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնց դրսևորումը դարձավ տարածաշրջանում նախորդ ամիս վերսկսված բռնությունը»:
*****
Թուրքիայի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ համաշխարհային անվտանգության հետ կապված իրավիճակը կտրուկ փոխվել է 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտն ընդունելուց հետո՝ կոչ անելով լուծել փոխվստահության պակասի խնդիրը:
Մևլութ Չավուշօղլու, Թուրքիայի ԱԳ նախարար - Մենք պետք է հաղթահարենք ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերները: Հարավային Կովկասում ստեղծվել է կայուն խաղաղության հնարավորություն: ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները մյուս անդամների հետ կարող են իրենց ներդրումն ունենալ՝ հիմնվելով նոր իրողությունների վրա:
*****
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղղակի երկխոսության վերսկսումը:
Էնթոնի Բլինկեն, ԱՄՆ պետքարտուղար - Կողմերին կոչ ենք անում հասնել առաջընթացի հումանիտար հարցերի, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում։ Հուսով եմ, որ բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այդ ուղղությամբ՝ առաջընթացի հասնելու համար:
Բլինկենը նաև կողմերին կոչ է արել լուծել սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը և շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
*****
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը նույնպես կողմերին խաղաղության կոչ է արել։
Մարգարետա Սեդերֆելտ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ - Հայաստանի և Ադրբեջանի զորքերի միջև սահմանային բախումները վերսկսեցին մահաբեր պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբվել և համաձայնության գալ երկարատև խաղաղության շուրջ:
*****
Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ դերի մասին։
Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերն իր երկրի անունից նույնպես ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը, ինչը կարող է նպաստել լարվածության թուլացմանը և անհրաժեշտ պայմաններ ստեղծել հետագա զարգացման համար։
Ֆրանկ Ռիսթեր, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար - Մենք կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ֆրանսիան վերահաստատում է իր վստահությունը կողմերի հետ համանախագահների աշխատանքի հանդեպ։
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային անդրադարձել են նաև Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի պատվիրակության ներկայացուցիչները։ Նրանք աջակցություն են հայտնել հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։
Նիդեռլանդները և Կանադան մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով:
Բեն Կնապեն, Նիդեռլանդների արտգործնախարար - Շարունակում ենք աջակցել հումանիտար հարցերի լուծմանն ուղղված ՄԽ համանախագահության ջանքերին․ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի, հումանիտար ականազերծման, սահմանազատման և սահմանագծման հարցերին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր հանցագործներին։
Իսպանիայի պատվիրակության ղեկավարը կարծիք է հայտնել, որ իրավիճակը տարածաշրջանում անկայուն է, սակայն բանակցությունների վերսկսումը հույս է ներշնչում։
Ռումինիայի և Ավտրալիայի ներկայացուցիչները նույնպես անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներով, նրանք նաև պատրաստակամություն են հայտնել աջակցելու Արցախյան հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը և նշել ԵՄ-ի աճող դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանն իրենց եզրափակիչ հայտարարությունում անդրադարձել է ԵՄ-ն։ «ԵՄ-ն շարունակում է և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ղարաբաղյան հակամարտության կայուն լուծում գտնելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ։
Խաղաղ ճանապարհով սահմանային հարցերը կարգավորելու կոչ է արել նաև ԱՄՆ-ն։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն եզրափակիչ խոսքում նշել է, որ հրադադադարը դեռևս փխրուն է, առկա խնդիրները պետք է լուծվեն։
Հրադադարի պահպանման խնդրին անդրադարձել է նաև Ստոկհոլմյան քառյակը՝ Ալբանիան, Շվեդիան, Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան։ Նշվում է, որ չնայած ռազմական գործողությունների ավարտից արդեն անցել է 1 տարի, հրադադարը դեռևս փխրուն է։ Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակացությունների գործընթացի վերսկսման ուղղությամբ։
Հրատապ է առաջընթաց արձանագրելը մարդասիրական այնպիսի հարցերի լուծման մեջ, ինչպիսիք են գերիների վերադարձը, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը և միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը տարածաշրջան։ Հայտարարության վերջում երկրներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը և գործող նախագահի անձնական ներկայացուցչին։