«Արամ Խաչատրյան» համերգասրահի ազդագրերի շարքում հայտնված նոր պաստառն անտարբեր չի թողնում երևանցիներին՝ ազդարարելով, որ դեկտեմբերի 21-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում տեղի կունենա լոնդոնյան լեգենդար «Գոսպել» երգչախմբի համերգը: Հռչակավոր խումբը Հայաստան է գալիս «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով և հայ հանդիսատեսին ներկայանալու է Սուրբծննդյան երգերի ծրագրով: Հոգևոր երաժշտության լոնդոնյան դեսպանների հետ բանակցությունները շարունակվել են մի քանի տարի:
Տարիներ շարունակ լոնդոնյան խումբը Եվրոպայում և ամբողջ աշխարհում հոգևոր երգերի կատարողական վարպետության չգերազանցված նշաձող է սահմանել: «Գոսպել» երգչախումբը նաև Հոլիվուդի ֆավորիտներից է, խմբի կատարումները հնչում են երազների ֆաբրիկայի ամենասիրված ՝ «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլ ֆիլմերում։ Նրանց ֆենոմենալ հաջողությունն ու ձգողականությունը մշտապես գրավում են մեծ երաժիշտներին, որոնցից՝ Փոլ ՄաքՔարթնիի, Լուչանո Պավարոտիի, Էլթոն Ջոնի, «Քուինի», Էրիկ Քլեփթոնի, Ադելի, Դայանա Ռոսսի, «Փինքի» և առաջին մեծության այլ աստղերի հետ խումբը հանդես է եկել հատուկ համերգային ծրագրերով: Նախագծի կազմակերպիչները խմբի երևանյան համերգը մշակութային դիվանագիտության հաջողված քայլ են համարում:
Հաջորդ տարին հեռանկարների համար հագեցած է խոշոր նախագծերով ու լավ լուրերով, որոնցից մեկի մասին հայտարարում են արդեն հիմա: 2022-ի մայիսին «Երևանյան հեռանկարները» կհյուրընկալի Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթնաժողովի 400-ից ավելի պատվիրակների՝ միջազգային ամենահնչեղ փառատոների տնօրենների, հայտնի երաժիշտների ու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների:
Իսկ 2021-ի փառատոնային տարին «Երևանյան հեռանկարները» եզրափակում է ամենահնչեղ նոտայով՝ Լոնդոնի «Գոսպել» երգչախմբի համերգով: