Ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախում դեկտեմբերի 3-ին հայ հովվի առևանգման և սպանության դեպքը Ադրբեջանի իշխանության հայատյացության դրսևորումն է: Արձանագրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ հիշեցնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցած նմանատիպ այլ միջադեպերը, նաև 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի և 2016-ին զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատման դեպքերը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը փորձեց դրանք որակել որպես պատահական և ոչ համակարգային միջադեպեր, ապա ես պետք է հակառակը պնդեմ, որ սա տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հետապնդումների, հանցավոր գործողությունների հետևանք է:
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր՝ Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող, 1956 թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ: Հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ դիտավորությամբ ապօրինաբար սպանել են։ Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու ադրբեջանցիների հանցավոր գործողությունները։
Գեղամ Ստեփանյան - Նման դեպքերի կրկնությունը բացառելու համար հստակ մեխանիզմներ են պետք ուսումնասիրությունների և պատասխանատվության ենթարկելու: Անպատժելիությունն է պատճառը, որ որևէ ձևով այդ գործողությունները չեն կանխվում, կամ դրանց կրկնությունն արդեն դարձել է համակարգային:
Դեպքին անդրադարձել է նաև Արցախի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը հարված է նաև Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։ Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է արել համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։
Գեղամ Ստեփանյան - Խաղաղապահներն ունեն իրավասություն՝ ուսումնասիրելու, հետաքննելու, քննություն իրականացնելու յուրաքանչյուր դեպքով և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու:
Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումների և ահաբեկման գործողությունների համակարգային բնույթն է ընդգծել նաև Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) - Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։ Այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար:
Հայ հովվի սպանության դեպքի առիթով Արցախի իրավապահները ձեռնարկում են քրեադատավարական միջոցառումներ, իսկ ռուսական կողմը բանակցում է հովվի դին հայկական կողմին վերադարձնելու համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան