Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորման գործարան: Սյունիքում նոր գործարան ունենալու գաղափարը արդեն 10 տարի Հայաստանում գործող իրանական «Փյուր լենդ» ընկերությանն է:
Ամին Շուրիդե («Փյուր լենդ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Վայոց ձորում արդեն երկու տարի ա՝ որ չրանոցը տեղավորել ենք և ավելի շատ աշխատում ենք, որ իրա արտադրանքը ծանոթացնենք Եվրոպայի շուկայում:
Կառավարության վերջին նիստում որոշվել է «Փյուր լենդ» ընկերությանը 10 տարով ներառել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Այս կազմակերպությունների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ոչ միայն հայկական չրերի տեսականին, այլև Հայաստանում վերամշակված իրանական մրգերը, համեմունքները կփաթեթավորվեն ու կարտահանվեն եվրոպական ու եվրասիական շուկա:
Ամին Շուրիդե - Բաներ կան, որ Հայաստանի Հանրապետությունում չի աճում, պետք ա մենք դրսից ներդրում անենք՝ շաֆրան, խուրմա, պիստակ և օրգանիկ սննդամթերքներ:
«Ազատ տնտեսական գոտում գործարանը կկառուցվի 5 հազար քառակուսի մետրի վրա»,- ասում է իրանցի գործարարը:
Կունենան 7 արտադրամաս, 1500 քառակուսի մետր պահեստամաս: Սկզբում կունենան 102 աշխատող՝ 80-150 հազար աշխատավարձով: Սարքավորումների ներկրումները ներառյալ՝ նախատեսել են սկզբում ներդնել 500 հազար դոլար:
Ամին Շուրիդե - Մեր պլանը էնպես ա, որ մինչև 10 տարվա ընթացքում մեր արտադրանքի ծավալը մինչև 15 մլն դոլար ավելացնենք:
Արդեն ուսումնասիրել են եվրասիական ու եվրոպական հավաստագրերը: Հիմա սկսել են արտահանման համար հավաստագրման գործընթացը: