Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ Վիեննայի բանակցությունների մասնակիցները համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել քննարկումները և դրանք շարունակել հաջորդ շաբաթ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ բանակցությունների դադարեցման պատճառն այն է, որ «Իրանը տրամադրված չէ լրջորեն անել այն, ինչ անհրաժեշտ է 2015 թ. համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար»: Այդ մասին Բլինքենը հայտարարել է Reuters Next համաժողովի իր ելույթին: «Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին ձգձգել գործընթացը՝ շարունակելով առաջ տանել իր ծրագիրը: Վաշինգտոնը կօգտագործի այլ տարբերակներ, եթե դիվանագիտությունը ձախողվի»:
Վիեննայում իրանական կողմի ավագ բանակցող Ալի Բաղերին բանակցությունների ավարտին հայտարարել է, որ դրանց ժամանակավոր դադարը պայմանավորված է Իրանի ներկայացրած առաջարկների քննարկման անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ Իրանի առաջարկները վերաբերել են պատժամիջոցների չեղարկմանը և համաձայնագրի կատարմանը:
«Մենք մյուս կողմերին ներկայացրել ենք իրանական պատվիրակության փաստարկված և փաստագրված տեսակետը երկու փաստաթղթերի տեսքով։ Բնականաբար, երբ առաջարկը ներկայացվում է մյուս կողմին, դա հիմք է բանակցությունների համար, և, որպես կանոն, մյուս կողմը պետք է ներկայացնի փաստարկված և տրամաբանորեն փաստագրված պատասխան այդ առաջարկներին»,- նշել է Բաղերին:
Վիեննայում Ռուսաստանի մշտական դիվանագիտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ բանակցությունների վերաբերյալ դեռևս վաղ է հետևություններ անել. քննարկման մասնակիցները պետք է խորհրդակցություններ անցկացնեն մայրաքաղաքներում: Չինաստանի ներկայացուցիչ Վան Ցյուն իր հերթին նշել է, որ բանակցությունների մասնակիցները շատ լուրջ են տրամադրված քննարկումներին: Պեկինի անունից նա հույս է հայտնել, որ «ժամանակավոր դադարը նոր քաղաքական խթան կհաղորդի բանակցություններին և կնպաստի կողմերի միջև դրական մթնոլորտի ձևավորմանը»:
Արտաքին կապերի եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի խոսքով՝ բանակցային շաբաթն արդյունավետ էր, սակայն կան լուրջ խնդիրներ, որոնք արագ լուծումներ են պահանջում: