Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ոստիկանության ուժի կիրառումը Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ։
«Ակցիայի ժամանակ ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք առանց նախազգուշացման ձերբակալել են ցույցի մասնակիցներին, իսկ համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում ցուցարարներին»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Ձերբակալվել էր նաև ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուն, որը բազմաթիվ վնասվածքներ է ստացել կալանքի տակ պահվելու ժամանակ։ Յաղուբլուն հայտարարել է, որ ոստիկանները պահանջել են, որպեսզի նա տեսախցիկի առջև հայտարարի, որ այլևս չի քննադատի Ադրբեջանի ղեկավարությանը:
Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ լկտի արհամարհանք են դրսևորել խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու՝ մարդկանց իրավունքի նկատմամբ և բռնություն են կիրառել՝ այլախոհությունը ճնշելու նպատակով։
Նա նաև հավելել է, որ «հաշվի առնելով Ադրբեջանի վատ համբավը ոստիկանական չարաշահումների դեմ պայքարում՝ իշխանությունները պետք է ապահովեն արդյունավետ և անաչառ հետաքննություն և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»:
Մեծ Բրիտանիան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հետաքննել դեկտեմբերի 1-ի բողոքի ցույցից հետո Թոֆիգ Յաղուբլուի և մյուս ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի և ֆիզիկական բռնության մասին հաղորդումները: «Խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այն պետք է հարգվի»,- ասված է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանում՝ Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում, խաղաղ ցույց է անցկացվել՝ Գյադաբեյի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով: Նա կալանքի տակ էր 2018թ.-ից, իսկ 2019թ. փետրվարին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Ակցիայի մասնակիցները նրա ձերբակալությունը քաղաքական պատվեր են համարում:
*****
Թուրքիան Ուկրաինային ավելի շատ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է վաճառել, քան հաղորդվել է․ ապագայում կարող են լինել նոր մատակարարումներ: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին․ խոսքը մի քանի տասնյակ սարքերի մասին է։ Առաջիկայում նախատեսվում է, որ Թուրքիան ևս 24 անօդաչու թռչող սարք կմատակարարի Ուկրաինա։ Թուրքիայի կառավարության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել շրջանառվող լուրերը։ Ուկրաինան Թուրքիայի հետ ԱԹՍ-ների գնման պայմանագիր է կնքել 2018 թվականին, ըստ ոչ պաշտոնական տվյալների, խոսքը 6 ԱԹՍ-ի և 3 կառավարման կայանի մասին է։ Մատակարարումն ավարտվել է 2019 թվականի նոյեմբերին։ Գումարը կազմել է 69 մլն դոլար։
Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ «Բայրաքթար» կիրառել են հոկտեմբերի 26-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաճառքի մասին պայմանագրից հետո սարքերն այլևս թուրքական չեն կարող կոչվել։
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Դոնբասի խնդրին, հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, այդ թվում՝ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառմամբ։ Պուտինն ընդգծել է, որ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ներգործության ցանկացած փորձից:
*****
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունների մասնակիցները համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել քննարկումները և դրանք շարունակել հաջորդ շաբաթ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ «Իրանը տրամադրված չէ լրջորեն անել այն, ինչ անհրաժեշտ է 2015թ. համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար»: «Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին ձգձգել գործընթացը՝ շարունակելով առաջ տանել իր ծրագիրը: Վաշինգտոնը կօգտագործի այլ տարբերակներ, եթե դիվանագիտությունը ձախողվի»,- հավելել է Բլինկենը:
Վիեննայում իրանական կողմի ավագ բանակցող Ալի Բաղերին բանակցությունների ավարտին հայտարարել է, որ դրանց ժամանակավոր դադարը պայմանավորված է Իրանի ներկայացրած առաջարկների քննարկման անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ Իրանի առաջարկները վերաբերել են պատժամիջոցների չեղարկմանը և համաձայնագրի կատարմանը:
«Մենք մյուս կողմերին ներկայացրել ենք իրանական պատվիրակության փաստարկված և փաստագրված տեսակետը՝ երկու փաստաթղթերի տեսքով։ Բնականաբար, երբ առաջարկը ներկայացվում է մյուս կողմին, դա հիմք է բանակցությունների համար և, որպես կանոն, մյուս կողմը պետք է պատասխան ներկայացնի այդ առաջարկներին»,- նշել է Բաղերին:
Վիեննայում Ռուսաստանի մշտական դիվանագիտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ բանակցությունների վերաբերյալ դեռևս վաղ է հետևություններ անել. քննարկման մասնակիցները պետք է խորհրդակցություններ անցկացնեն մայրաքաղաքներում:
*****
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակվածների թիվն աշխարհում օրեցօր աճում է։ Նոր շտամով վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ 50 նահանգից առնվազն 10-ում։ Նախագահ Ջո Բայդենը խստացրել է ԱՄՆ մուտքի կանոնները։ Հաջորդ շաբաթվանից ԱՄՆ ժամանող անձինք, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիները, պետք է ՊՇՌ թեստ հանձնեն մեկնելուց 24 ժամ ոչ շուտ՝ անկախ պատվաստված լինելու փաստից։ Վարակը հիմնականում հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայից ժամանած քաղաքացիների մոտ։ Սակայն գրանցվել են դեպքեր, երբ քաղաքացիները վերջերս ճանապարհորդած չեն եղել։ Ավելի վաղ ԱՄՆ-ը ժամանակավորապես արգելել էր մուտքը Հարավային Աֆրիկայի 8 երկրից։
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, վերջին տվյալով, հաստատվել է Օմիկրոնով վարակման 13 դեպք։ Քաղաքում առաջին դեպքը գրանցվել է Սիդնեյի դպրոցներից մեկում։ Օմիկրոնով վարակման առաջին դեպքը երկրում հաստատվել է Հարավային Աֆրիկայից ժամանած անձի մոտ։