ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաժարվում է ճանաչել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ որևէ «կարմիր գիծ», հայտնել են Սպիտակ տնից:
«Այն, ինչ ես անում եմ, առավել ընդգրկուն և իմաստալից նախաձեռնությունների միավորումն է, որպեսզի պարոն Պուտինի համար շատ դժվար լինի անել այն, ինչից մարդիկ վախենում են»,- ասել է Բայդենը: Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկար զրույց է ակնկալում։
Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի «կարմիր գծերի» մասին Պուտինը հայտնել էր «Ռուսաստանը կանչում է» համաժողովին: Նրա խոսքով՝ Մոսկվան որպես կարմիր գիծ է դիտարկում հարևան երկրի տարածքում սպառազինությունների տեղակայումը և պետական անվտանգության այլ սպառնալիքներ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ավելի վաղ նշել է, որ Ռուսաստանի համար «կարմիր գիծ» է նաև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Այժմ Մոսկվան և Վաշինգտոնը նախապատրաստվում են տեսակապի միջոցով Պուտինի և Բայդենի բանակցություններին, որոնց անցկացման համար հնարավոր օր է նշվում դեկտեմբերի 7-ը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերի քննարկման օրակարգում կլինեն ռազմավարական կայունության հարցեր, իրավիճակը Աֆղանստանում, Իրանում, Լիբիայում և Ուկրաինայում: