Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպի նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը: Դեսպան Տ. Գևորգյանը նահանգապետին տեղեկացրել է, որ Հալեպ է ժամանել Հայաստանի Հանրապետության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոնի առաքելության հերթական՝ 8-րդ հերթափոխը:
Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հումանիտար առաքելության նախորդ հերթափոխների աշխատանքների արդյունքում Հալեպի նահանգում ականազերծվել է ավելի քան 750 հազար քառակուսի մետր տարածք, վնասազերծվել է 580 միավոր պայթուցիկ սարքեր, իսկ առաքելության կազմում գործող հայ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նահանգի շուրջ 36 հազար բնակչի:
Նահանգապետ Դիաբը խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ դժվարին այս շրջանում Սիրիայի ժողովրդին օգնության և բարեկամության ձեռք մեկնելու համար:
Վերջինս պատրաստակամություն է հայտնել իր կողմից անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային ու մարզական միություններին և, առհասարակ, հալեպահայ համայնքին:
Նույն օրը դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Հայաստանի հումանիտար առաքելության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել առաքելության ղեկավարության, հումանիտար ականազերծում իրականացնող խմբի մասնագետների և բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ:
Դեսպանը ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալներին, ինչպես նաև քննարկվել են Հալեպի նահանգում առաջիկայում իրականացվելիք գործառույթները: Տ. Գևորգյանը բարձր է գնահատել հումանիտար առաքելության ներկայացուցիչների մասնագիտական հմտություններն ու կարողությունները և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Այցի շրջանակներում Սիրիայում ՀՀ դեսպանը զրույց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր (ընտրված Հալեպ քաղաքից), Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուսին Իսքենյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև հալեպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է համայնքի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հյուպատոսական բնույթի բազմաթիվ հարցեր:
Այդ կապակցությամբ դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ վերջինիս աշխատանքների ակտիվացման և արդյունավետության բարձրացման խնդիրների վերաբերյալ:
Տրվել են համապատասխան հանձնարարականներ: