ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 2-ին առցանց կապի միջոցով մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության ներդրողների 11-րդ համաժողովին, տեղեկացնում են նախարարությունից:
Ողջույնի խոսքում Տերտերյանը երախտագիտություն է հայտնել բազմաբևեռ համագործակցության և E5P դոնորների աջակցության համար, որոնք լայն հնարավորություն են ընձեռում բարելավել և զարգացնել Հայաստանի ենթակառուցվածքները։
Փոխնախարարը ներկայացրել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման, Երևանում սանիտարական աղբավայրի կառուցման և գործող 2 աղբավայրերի փակման, Երևանի և Գյումրիի փողոցների լուսավորության արդիականացման, ինչպես նաև Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետության արդիականացման և այլն։
Նա ընդգծել է վերջերս ստորագրված՝ Երևանի համար CNG ավտոբուսների գնման ծրագրի կենսական նշանակությունը, որը կփոխի Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկման որակը։ «Ցանկանում եմ կարևորել կանաչ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները, որոնք բարելավում են մեր քաղաքացիների կենսամակարդակը, խթանում բնակավայրերի դինամիկ զարգացումը, ստեղծում աշխատատեղեր, ինչպես նաև թույլ են տալիս մեզ միանալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,- ելույթն ավարտել է նախարարի տեղակալը։
Համաժողովի ընթացքում տեսահոլովակների միջոցով ներկայացվել են 2019 և 2020 թվականներին Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Մոլդովայում իրականացված և առաջիկայում պլանավորված ներդրումային ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել գործընկերության ներդրողների 10-րդ համաժողովին․ ներկայացվել է ներդրումների աճը վերջին մեկ տարվա ընթացքում։