Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆելդը VG-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր երկրի նոր կառավարությունը դեմ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների տեղաշարժերին Ռուսաստանի սահմանների մոտ և նախատեսում է սահմանափակել դրանք։
Հյութֆելդի խոսքով՝ ռազմական ներկայությունը սահմանային շրջաններում կարևոր է Նորվեգիայի համար, բայց «ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանի հետ սահմանը ինքներս կառավարենք՝ նորվեգական ինքնաթիռների և ֆրեգատների օգնությամբ»:
Նախարարը նշել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ, քանի որ «Նորվեգիայի շահերից է բխում այդ տարածքների պաշտպանությունը ինքնուրույն, սեփական զինված ուժերով հոգալը»։
Ռուսաստան-Նորվեգիա լարվածությունն առաջացել է Արկտիկայի պատճառով: Այդ տարածաշրջանը հաճախ դառնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բանավեճի առարկա։ Արևմուտքը Մոսկվային մեղադրում է այնտեղ ռազմական ակտիվությունն ավելացնելու համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ Նորվեգիային է մեղադրել Արկտիկայի ռազմականացման համար, երբ մայիսի 10-ին ԱՄՆ-ի ատոմային սուզանավը մուտք գործեց Նորվեգիայի հյուսիսում գտնվող Տրոմսե քաղաքացիական նավահանգիստ:
The National Interest պարբերականը նշել է, որ Արկտիկայում սկսվել է «մեծ տերությունների մրցույթը», տարածաշրջանը նոր քննարկումների թեմա է դարձել սառույցների հալման պատճառով, ինչի հետևանքով ավելացել են չեզոք ջրերի տարածքները։ Դա առևտրային հնարավորություններ է բացում Արկտիկայի տարածաշրջանի շատ երկրների համար։