Եթե աշխատում ես ու պատվաստված չես, ապա արդեն պարտավոր ես գործատուին բացասական արդյունքով ՊՇՌ թեստի սերտիֆիկատ ներկայացնել 7 օրը մեկ՝ նախկին 14 օրվա փոխարեն: Փոփոխությունն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ից:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Համաճարակաբանական տեսանկյունից ավելի ռեալ ժամանակահատված է ըստ եվրոպական CTC առաջարկի և միտված է վարակակիրների, վարակի աղբյուրի կամ հիվանդ անձնաց, ովքեր չունեն ախտանշաններ, սակայն արդեն վարակված են Քովիդով, շատ արագ հայտնաբերել, և միտված է հայտնաբերելուն և վարակի տարածման կանխմանը:
Ժամկետների փոփոխության դրդապատճառը ոչ միայն միջազգային փորձն է, այլև համաճարակային իրավիճակի համեմատական կայունացումը: Այս կերպ մասնագետները փորձում են նոր դեպքերի նվազման միտումը պահպանել:
Ռոմելլա Աբովյան - Վերջին 14 օրվա վերլուծության տվյալները համեմատելով նախորդ 14 օրվա հետ՝ ունենք նոր դեպքերի նվազում 55 տոկոսով, վարակի վերարտադրողական ցուցանիշը բավակնին ցածր է, կազմում է 0.6, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղել են:
Ավելի հաճախ թեստ հանձնելու մեկ այլ պատճառ էլ է ներկայացնում Ռոմելլա Աբովյանը. երբ մարդիկ ախտանշաններ չունեն, բայց վարակակիր են, այս փոփոխության արդյունքում հնարավորություն են ստանում վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը, դիմել բուժհաստատություն, ստանալ օգնություն, խուսափել բարդացումներից: Տիկին Աբովյանը հիշեցնում է՝ սա վարակի դեմ պայքարի միջոց է, ոչ թե պարտադրանք:
Ռոմելլա Աբովյան - Անընդհատ ասվել է, որ կա այլընտրանք, պետությունը առաջարկում է այլընտրանքային տարբերակ՝ անվճար պատվաստումներ, և ամբողջ աշխարհն ասում է, որ պատվաստումներն առավել արդյունավետ միջոց են հիվանդության դեմն առնելու և տարածումը կանխելու համար:
Հոկտեմբերի 1-ից ակտիվացել են պատվաստումները: Օրական առնվազն 20.000 անձ է պատվաստվում: Այդուհանդերձ, վարակի շատ դեպքեր է հնարավոր եղել կանխել նաև թեստավորումների միջոցով:
Ռոմելլա Աբովյան - Հոկտեմբերի 1-ից, երբ կարգավորումը մտավ 14 օրը մեկ թեստավորման առումով, մենք բավականին մեծ քանակի անձանց հայտնաբերեցինք՝ աշխատակիցների շրջանում կորոնավիրոսով վարակված անձնաց, որոնք չունեին ախտանշաններ, և Դելտա շտամի պարագայում եթե նշում ենք, որ 1 անձը կարող է վարակել 7 անձի, այսինքն՝ մոտ 900 հայտնաբերում ունենք, եթե դա անենք, անգամ 7 պատկերացրենք ինչքան նոր դեպք ենք կանխել միայն այս կարգավորման շրջանակներում:
Նաև սահմանվել է, որ Հայաստան մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է ՊՇՌ բացասական թեստ կամ պատվաստման հավաստագիր ունենան: Կորոնավիրուսի նոր Օմիկրոն տարատեսակի պատճառով էլ հիմա քննարկվում է խստացնել մուտքի պայմանները և օտարերացիներին երկիր թողնել միայն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով սերտիֆիկատով: