ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որի հիմնական խորհուրդը վերջիններիս համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծումը, խտրական դրսևորումների վերացումն ու գնահատված կարիքին համարժեք, հասցեական ծառայությունների մատուցումն է։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար շարունակում է մնալ առաջնահերթություն, ինչի ուղղությամբ իրականացվում են մի շարք աշխատանքներ։
Մասնավորապես, 2021 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունմամբ՝ Հայաստանը որդեգրեց հաշմանդամության սոցիալական մոդելը՝ հրաժարվելով հաշմանդամության բժշկական մոդելից։ Այն հնարավորություն կտա հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի պայմաններ ստեղծել, հաշմանդամության գնահատման հիմքում անձի լիարժեք մասնակցությանը խոչընդոտող գործոնները հաշվառել՝ սահմանելով նրանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները։
2020 թ․ պատերազմից հետո նախարարության օրակարգային հարցերից է նաև ռազմական գործողությունների արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կարիքների բազմակողմանի գնահատումը, ըստ անհրաժեշտության՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոթեզների տրամադրումը, զբաղվածության ապահովումը։ Պետական ծրագրերից զատ, նախարարությունը համագործակցում է նաև մի շարք մասնավոր կազմակերպությունների հետ՝ իրականացնելով համատեղ միջոցառումներ՝ ուղղված շահառուների մասնագիտական ուսուցմանն ու կայուն զբաղվածության ապահովմանը։
Համատեղ ջանքերի ներդրմամբ՝ պետք է շարունակել ակտիվ, նպատակային և հետևողական քաղաքականություն իրականացնել ոլորտի զարգացման գործում»,- նշված է ուղերձում։