Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժ աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք:
ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով:
Նախադպրոցական կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացումը կարևոր պահանջ է մանկապարտեզից դպրոց երեխաների սահուն անցման համար, որն անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:
Կհայտարարվի մրցույթ
Նախագծով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում հայտարարվում է մրցույթ: Եթե մրցույթը չի կայանում, անկախ պատճառներից՝ թափուր տեղը լրացնելու համար առնվազն ամիսը մեկ անգամ հայտարարվում է նոր մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:
Թափուր տեղի մասին հաստատության տնօրենը տեղյակ է պահում համայնքի ղեկավարին: Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է համայնքի և մարզպետարանի պաշտոնական կայքերում: Հայտարարության տեքստում նշվում են հաստատության անվանումը, թափուր տեղի անվանումը` դրույքաչափով, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը:
Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են պաշտոնական հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ովքեր կարող են դիմել նախադպրոցական հաստատության մանկավարժի համար
Մրցույթին կարող է մասնակցել որակավորման պահանջներին համապատասխանող անձը՝ ներկայացնելով.
-
դիմում (Ձև 1),
-
կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
-
անձը հաստատող փաստաթուղթ,
-
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
-
ինքնակենսագրություն (Ձև 4),
-
մեկ լուսանկար` 3x4 չափսի,
-
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-
ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
-
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-
որակավորման տարակարգ (առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված անձը, ինչպես նաև նա, ով դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործության համար):
Մրցույթին չի կարող դիմել նաև մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապող անձը (ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը):
Մրցույթ` գրավոր և բանավոր փուլերով
Մրցույթը կանցկացվի երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 50 հարցից և դրանց ճիշտ պատասխաններից: Հարցաշարերը հաստատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում:
Գրավոր փուլի համար յուրաքանչյուր հաստատություն կազմում է թեստային առաջադրանք: Յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ է:
Գրավոր փուլի համար տրվում է 120 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0: Անցողիկ շեմը համարվում է հաղթահարված՝ առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է 5 հարց, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե ժամանակ: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի անդամների կողմ ձայների կեսից ավելին:
Ե՛վ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում:
Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:
Հաղթող ճանաչված մասնակցի հետ տնօրենը սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում: Եթե մրցույթում հաղթող են ճանաչվել մեկից ավելի մասնակիցներ, ընտրությունը կատարում է հաստատության տնօրենը:
Մրցութային հանձնաժողով
Մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անդամից` հաստատության տնօրենի գլխավորությամբ:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե մասնակցում են առնվազն 4 անդամներ: Քվորում չապահովվելու դեպքում նիստը կարող է հետաձգվել 2 անգամ` 3 աշխատանքային օր ժամկետով:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 կողմ ձայներով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 14-ը: