Ձերբակալվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-16 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է իր ենթակա ստորաբաժանման ղեկավար Խոսրով Անդրոյանի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման համար:
Վիլլի Կալաչյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար) - Մասնավորապես, Խոսրով Անդրոյանը, հանդիսանալով Արմավիրի պահպանության բաժնի պետը, նշված բաժանմունքի ջոկի հրամանատարի հաշվապահի օժանդակությամբ հավաքագրել են տնտեսվարող սուբյեկտներից կանխիկ դրամական միջոցներ, չունենալով դրանց իրավասությունը, որից հետո Խոսրով Անդրոյանի դրդմամբ հաշվապահը ներառել է կեղծ տեղեկություններ կազմվող հաշվետվություններում, ինչով թաքցրել են յուրացված գումարների չափերը:
Ըստ նախաքննության՝ կոռուպցիոն գործունեությունը կազմակերպել է գնդապետ Վարդան Մինասյանն ու իր ենթակայի հետ յուրացրել շուրջ 17 միլիոն դրամ: Բացի դրանից՝ ըստ քննիչի, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Վարդան Մինասյանի կողմից առանձնապես խոշոր չափի գույքն օրինականացնելու մասին:
Վիլլի Կալաչյան - Մասնավորապես պարզվել է, որ 2015-16 թթ. ընթացքում Վարդան Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է տարբեր չափի գումարներ, որոնք հանձնարարել է այլ անձանց միջոցով մուտք անել իր անվամբ բանկերում բացված քարտային և բանկային հաշվեհամարներին՝ նման կերպով փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը:
Վարդան Մինասյանի բանկային հաշիվներին մուտք է եղել 1,6 միլիոն դոլար և 9,4 հազար եվրո:
Վիլլի Կալաչյան - Դրանից հետո պարզվել է, որ Վարդան Մինասյանը նշված գումարները փաստացի իր հաշվեհամարին փոխանցվելուց հետո 2017-18 թթ. ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և ՀՀ ներկրել «Ռոլս Ռոյս» մակնիշի, «Բենթլի» մակնիշի և «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր արժեքը շուկայական կազմում է մոտ 240 հազար ԱՄՆ դոլար:
Նշված ավտոմեքենաները ներկրելուց հետո Վարդան Մինասյանը մատուցել է ավտովարձույթի ծառայություն և դրանցից ստացել շուրջ 95 միլիոն դրամի եկամուտ:
Վիլլի Կալաչյան - Այդ կերպ Վարդան Մինասյանը օրինականացրել է շուրջ 875 միլիոն ՀՀ դրամի դրամական միջոցները:
Քննիչի որոշմամբ՝ մեքենաները առգրավվել են և տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան