«Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, հերթական առիթն է՝ ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը
«Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների մասին:
Անձնական՝ յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի, որպեսզի ավելի հեշտորեն կարողանա հաղթահարել արտաքին խոչընդոտները. հաշմանդամությունը հնարավորություն է ավելի ուժեղանալու և զարգանալու համար:
Պաշտոնական՝ պետությունը պարտավոր է ապահովել առավելագույն բարենպաստ միջավայր ու հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնաիրացման ու զարգացման համար, և ես, որպես պետական նախարար, դրա համար ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ ջանքեր եմ գործադրում»,- նշել է Արտակ Բեգլարյանը: