Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։
Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024 թթ. համար համագործակցության ծրագիրը։