«Հյուսիս-հարավ» միջազգային հաղորդակցուղին արտաքին շուկաների հետ Հայաստանի կապն ամրապնդելու առումով չափազանց կարևոր նախագիծ է: Նման եզրահանգման են եկել Եվրասիական զարգացման բանկի մասնագետները: 124 էջանոց զեկույցում բանկի փորձագետները ուսումնասիրել են միջազգային լոգիստիկ կապի առանձնահատկությունները և առավելությունները:
Զեկույցում նշվում է՝ Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին նպատակ ունի կապել Իրանի Իսլամական Հանրապետությունը Վրաստանի հետ և Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր: Այն կարող է լրացվել Վրաստանի տարածքում 23 կիլոմետրանոց Կվեշետի-Կոբի հատվածով, այդ թվում՝ 10 կիլոմետրանոց թունելով:
Եվրասիական զարգացման բանկ - Որպես Ռուսաստանը Վրաստանին կապող Վերին Լարսի այլընտրանք՝ թունելը Հայաստանի տրանսպորտային կոմունիկացիաների համար կարող է բացել նոր հեռանկարներ և ապահովել հայկական ապրանքների հասանելիություն արտաքին շուկաներ:
Հայաստանը կարող է դառնալ կարևոր տրանսպորտային հանգույց, եթե մաս կազմի «Հյուսիս-հարավ» նախագծին՝ եզրակացնում են զեկույցի հեղինակները:
Այն, որ տրանսպորտային միջանցքը մեր տարածաշրջանում կարող է անցնել հենց Հայաստանով, պարզ դարձավ դեռ այս տարվա սեպտեմբերին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցի ընթացքում:
Երևանը և Նյու Դելին քննարկել են դետալներ, որոնք դեռ չեն հանրայնացվել: Չնայած Հայաստանը պաշտոնապես միացել է նախագծին դեռ 2010 թվականին, Երևանը չէր համարվում ակտիվ դերակատար, և ի սկզբանե Ադրբեջանն էր համարվում մեր տարածաշրջանի տարանցիկ երկիր: Զեկույցում նշվում է, որ Հնդկաստանը և Իրանը ակտիվորեն աջակցում են Հայաստանի դերի բարձրացմանը:
Եվրասիական զարգացման բանկ - Տրանսպորտային միջանցքի գործարկումը հենց Հայաստանի տարածքով ունի ռազմավարական նշանակություն Հնդկաստանի և Իրանի համար: Իսլամական հանրապետությունը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնել ապրանքների արտահանման ուղիները դեպի Ռուսաստան և Եվրոպա: Ներկայումս Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանի տարածքով: Իսկ իրանական ապրանքները դեպի Եվրոպա ուղևորվում են Թուրքիայի տարածքով:
Հեղինակները գործնականում Հայաստանի միանալը միջազգային այս ծրագրին պայմանավորում են «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցմամբ: Այլ առավելություններից զատ՝ այն թույլ կտա կրճատել ճանապարհը Իրանի և Վրաստանի միջև: Այս համատեքստում 2022 թ. Հայաստանը սկսելու է Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը:
Այն համարվում է նախագծի առավել բարդ մասը, քանի որ բաղկացած է լինելու մի քանի թունելից և կամուրջներից: Նախագծային աշխատանքներ են կատարվում Սիսիան-Ագարակ հատվածի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, զեկույցում հեղինակներն առանձնացրել են միջանցքի մի շարք առավելություններ:
Եվրասիական զարգացման բանկ - Նոր կոմունիկացիան թույլ կտա բեռների փոխադրման ճանապարհը կրկնակի կրճատել: Մի քանի անգամ կարող է ավելանալ կոնտեյներային փոխադրումը Չինաստանից ԵԱՏՄ և Եվրոպա: 25 տոկոսով կկրճատվի ջերմոցային արտանետումների քանակը:
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ առաջին փաստաթուղթը ստորագրվել է դեռ 1999 թվականին: Այն բաղկացած է լինելու թե՛ ավտոմոբիլային ճանապարհներից, թե՛ երկաթգծային: Միջանցքը պետք է կապի Հնդկաստանը և Իրանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ: Եթե այն ամբողջությամբ գործի, ներկայացված ուղիներով բեռնափոխադրումների ճանապարհը երկուսուկես անգամ կկրճատվի, ինչպես նաև կնվազի կոնտեյներային փոխադրումների սակագինը: