Տեսչական ստուգումներ օրենսդիրի շենքում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները կաբինետ առ կաբինետ մտնում ու ստուգում էին՝ խորհրդարանի աշխատակազմն ու պատգամավորները հետևո՞ւմ են հակահամաճարակային կանոններին:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Մուտք գործելիս ջերմաչափում է իրականացվել՝ չնայած այդ պահանջը նորմայով հանված է, ալկոգելերն առկա են:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանի խոսքով՝ 600 անձից բաղկացած աշխատակազմի 80 տոկոսը պատվաստված է առաջին, 40 տոկոսը՝ 2 դեղաչափով: Բուստեր, այսինքն՝ 3-րդ և 4-րդ դեղաչափ ստացած աշխատակիցներ ևս կան:
Հեղինե Խաչիկյան (ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ) - Բոլոր սենյակներում կնկատեք հակահամաճարակային միջոցներ, պարտադիր է դիմակների առկայությունը: Մենք պատվաստումների միջոցառումներ ենք իրականացնում հենց ԱԺ տարածքում:
Պատգամավորների բացարձակ մեծամասնությունը պատվաստված է:
Գարիկ Մուշեղյան (ԱԺ Զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ) - «Քաղաքացիական պայմանագիրը» 99 տոկոսով պատվաստված է, «Պատիվ ունեմ»-ը բոլորը պատվաստվել են, «Հայաստան» դաշինքի թվերը ես մի քանի օրից կներկայացնեմ, պատգամավորների 80 տոկոսից ավելին պատվաստված է:
Տեսուչները ստուգեցին նաև պատվաստումային կարգավիճակը հավաստող գրանցամատյանները, որտեղ առկա են ՊՇՌ հետազոտության արդյունքները, ինչպես նաև պատվաստման հավաստագրերի առկայությունը:
Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հիգիենայի բաժնի պետ) - Մատյանները համապատասխանում էին ձևաչափին, վարվում էին մատյանները ճշգրիտ, սակայն անհրաժեշտություն առաջացավ, որ անեն նաև խաչաձև զննում. այսինքն՝ մարդը եթե հանձնել է ՊՇՌ, ու մի հատված բաց է մնում: Ըստ պատասխանատուի՝ գնացել է պատվաստվի, մենք խնդրեցինք, որ դրանք ներկայացնի: Դեռ ամբողջական չէր, բայց խախտումներ չկային: Կայինք անձինք, որոնք չէին կրում դիմակներ:
ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետը նաև ներկայացրեց նոյեմբերի ստուգայցերի ամփոփ պատկերը. հանրապետությունում իրականացրել են 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, և կայացվել է տուգանքի 195 որոշում: