Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ Հայաստանում ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները 2022 թվականի հունվարի 1-ից կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Այդ թվում են էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային, օնլայն գրքեր կարդալու, վճարովի խաղերից օգտվելու ծառայությունները:
Ասանեթ Ալոյան (ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ) - Էլեկտրոնային ծառայությունը տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայություններն են, այդ թվում՝ համացանցով, որը հնարավոր չէ մատուցել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման:
Սա հստակ սահմանվել է օրենսդրական փոփոխությամբ, իսկ Կառավարության որոշմամբ կսահմանվի նաև Էլեկտրոնային ծառայությունների ցանկը: Փոփոխությունները վերաբերում են Հայաստանում գրանցված ԱԱՀ վճարողներին ու ոչ ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում: Օրինակ՝ գործող կարգավորումներով, եթե քաղաքացին ֆեյսբուքով գովազդ է պատվիրել, այդ ծառայությունները Հայաստանում հարկման ենթակա չեն, որովհետև այդ պարտավորությունը դրված չէ ոչ ռեզիդենտի՝ տվյալ դեպքում Ֆեյսբուքի վրա, մինչդեռ նոր կարգավորումներով արդեն այդ պարտավորությունը կունենա:
Ասանեթ Ալոյան - Քանի որ Ֆեյսբուքը ծառայություն է մատուցում ֆիզիկական անձին ,ու եթե ֆիզիկական անձը Հայաստանում է, և ծառայության մատուցման վայրն էլ է Հայաստանում համարվում այդ պարագայում գովազդային ծառայությունների մասով պետք է Ֆեյսբուքը հաշվառվի հարկային մարմնում, ՀՎՀ ստանա, մտնի համակարգ, պարզեցված հաշվարկ ներկայացնի և էլեկտրոնային եղանակով վճարումները կատարի: Այսինքն՝ ամենն անում է կազմակերպությունը, իսկ քաղաքացին, ֆիզիկական անձը հարկային պարտավորությունների կատարման գործընթացի հետ որևէ ձևով առնչություն չունի:
Ասանեթ Ալոյան - Ավելացված արժեքի դրույքաչափը հաստատուն է՝ 20 տոկոս, կապ չունի՝ ռեզիդենտն է, ոչ ռեզիդենտն է. բոլոր հարկվող գործարքների նկատմամբ նույն 20 տոկոսն է կիրառվում:
Ինչպես վերահսկել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: Պետական եկամուտների կոմիտեից նշում են՝ էլեկտրոնային ծառայությունների դաշտում վերահսկողական մեխանիզմները թույլ են:
Ասանեթ Ալոյան - Իհարկե, հսկողական գործիքակազմ կա, կարող ենք որոշակի չափով հսկողություն իրականացնել, վերլուծություն անել, ծանուցել հարկ վճարողներին, որ ունեն պարտավորություններ, բայց, միանշանակ, ինչպես Հայաստանը, այնպես էլ մնացած բոլոր երկրները այս մասով հսկողական գործիքակազմի սակավության խնդիր ունեն:
Թեև հսկողական մեխանիզմները ուժեղ չեն, բայց ակնկալվում է, որ կազմակերպությունները կամավոր՝ ելնելով իրենց համբավից, չեն խուսափի սոցիալական պատասխանատվությունից և կվճարեն հարկերը: