Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է Թուրքիային պատասխանատվության ենթարկելու գործընթաց: Դեկտեմբերի 2-ին կայացվել է նման որոշում, քանի որ Անկարան հրաժարվում է ազատ արձակել գործարար և բարերար Օսման Քավալային՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումներին:
Գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է զրկվել Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից:
Քավալան ձերբակալվել է 2017 թվականին. նա մեղադրվում է «սահմանադրական կարգը տապալելու փորձի համար»։ Թուրքական իշխանությունները Քավալային մեղադրում են նաև 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպմանը մասնակցելու համար:
ԲԱՅԴԵՆ-ՊՈՒՏԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ
«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները կանցկացվեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հստակ ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, աշխատանքներ են տարվում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ դեռևս չկա հստակ որոշում բանակցությունների ձևաչափի մասով՝ արդյոք դրանք կանցկացվեն դեմ առ դե՞մ, թե՞ պատվիրակությունների մասնակցությամբ: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Պուտին-Բայդեն հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 7-ին:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ՝ ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆՊԱՏԱԿ
Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման շուրջը բանակցություններն ընթանում են լավ, բայց դանդաղ: Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Դիվանագետի խոսքով՝ բանակցություններում իրանական կողմի նպատակը անարդարացի պատժամիջոցների լիակատար չեղարկումն է:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Վիեննայում Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, և պատվիրակները կվերադառնան իրենց երկրներ խորհրդակցությունների շարունակման համար: Չի բացառվում, որ բանակցությունների հաջորդ փուլը սկսվի արդեն հաջորդ շաբաթ:
ԱՎՍՏՐԻԱՆ ՆՈՐ ԿԱՆՑԼԵՐ ԿՈՒՆԵՆԱ
Ավստրիայի ներքին գործերի նախարարության ներկայիս ղեկավար Կարլ Նեհամերը կգլխավորի Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի վերջնական հեռանալուց հետո և կդառնա հանրապետության նոր կանցլերը: Որոշումն ընդունվել Է դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած կուսակցության նիստում:
Դեկտեմբերի 2-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության բազմամյա նախագահ Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ վայր Է դնում իր լիազորությունները: Հոկտեմբերին նա հրաժարական էր տվել նաև կանցլերի պաշտոնից՝ իր նկատմամբ սկսված հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին:
«ԹԱԼԻԲԱՆԸ» ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ղեկավարությունը հրամանագիր է հրապարակել կանանց իրավունքների մասին։ Փաստաթուղթը Twitter-ի իր էջում տարածել է թալիբների ժամանակավոր կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը:
Ըստ հրամանագրի՝ կնոջը չի կարելի ստիպել ամուսնանալ, նա չի կարող լինել «հաշտության կամ թշնամանքի դադարեցման» առարկա տղամարդկանց միջև։ Փաստաթղթում նաև ասվում է, որ ամուսնու մահվան դեպքում այրին իրավունք ունի ժառանգելու նրա ունեցվածքի մի մասը, կարող է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը և, մասնավորապես, նորից ամուսնանալ: