Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Օրվա գլխավոր ուղերձը պետություններին մեկն է՝ ապահովել համընդհանուր ներառման և կյանքի իրավունքի սկզբունքը: ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումից 10 և ավելի տարի անց Հայաստանն անցել է դրա իրագործմանը:
Հայաստանում նոյեմբերի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 196 489 անձ:
Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 9639-ն են: Երկրորդ խմբում հավառված է 67 666, երրորդ խմբում՝ 110 353 անձ: 9191-ն էլ երեխաներ են:
Արցախյան վերջին պատերազմի արդյունքում փորձաքննվել է 1962 անձ: Կառավարության որոշմամբ՝ զինվորական ծառայության և պարտականությունները կատարելու ժամանակ վնասվածք ու խեղում ստացած տղաները պրոթեզավորվում են հատուկ ընթացակարգով: Նախ բազմամասնագիտական թիմերը տնայցերի միջոցով ուսումնասիրել են տղաների կարիքները:
Հայաստանը մարդու ֆունկցիոնալության աստիճանի գնահատման նոր մոդելին կանցնի 2023-ի փետրվարից: Դրանով բժշկասոցիալական փորձաքննություն կիրականացնեն ոչ թե ամբողջությամբ բժիշկներից կազմված, այլ հարբժշկական մասնագետների խմբերը:
Ոլորտում տարիներ շարունակ եղած արատավոր երևույթներն էլ վերացնելու համար էլեկտրոնային համակարգ կներդրվի, որն ինքնաշխատ եղանակով փորձաքննությունից մեկ օր առաջ մասնագետներին կտեղեկացնի՝ ում պետք է փորձաքննել՝ տալով միայն քաղաքացու բժշկական պատմությունը: