ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում մեկնարկած ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, որի շրջանակում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների և մի շարք կառույցների ղեկավարների հետ։
Ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Նա վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողությունները, բարձրագույն ղեկավարության հայատյացության ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Կողմերը կարևորել է ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և անդրադարձ են կատարել Հայաստանի համագործակցության ծրագրի հետագա զարգացման հեռանկարներին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության մակարդակն ու զարգացման դինամիկան։ Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։ Կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի, քննարկել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկան։ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդին տրամադրած հումանիտար օգնության համար։ Նախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանն արտգործնախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները հատկապես ընդգծել են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։
Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ գործողությունները Միրզոյանը ներկայացրել է նաև Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենին: Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախյան պատերազմի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման համար։
Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին գրառում է կատարել Կանադայի նորանշանակ արտգործնախարար Մելանի Ժոլին։ «Հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ։ Հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին։ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումով, ինչը հանգեցրել է հայ զինվորականների մահվան»,- գրել է Ժոլին՝ թվիթերյան միկրոբլոգում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Ֆինլանդիայի, Ավստրիայի, Էստոնիայի, Խորվաթիայի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ: Հանդիպումների շրջանակում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: