«Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքային խումբը դրամական միջոցների ոչ նպատակային կիրառումը հավաստող որևէ ապացույց չի ստացել Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ստեղծված «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հավաքագրված և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գումարի օգտագործման վերաբերյալ՝ արձանագրված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
«Աշխատանքային խումբը հայտնեց, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել, ինչպես նաև աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցեցին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը»:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշում է՝ առկա է Ֆինանսների նախարարության հաշվետվությունը, թե ինչ նպատակի է ծառայել հիմնադրամից պետական բյուջե նվիրաբերված գումարը: «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի արդյունքում հավաքվել է 182 մլն դոլար: Դրանից 107 միլիոնը նվիրաբերվել է Հայաստանի Հանրապետությանը, մնացած մասն ուղղվել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Ինչ վերաբերում է աուդիտորական ընկերության առջև դրված սահմանափակմանը, Արշամյանի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ արտաքին աուդիտորական ընկերությունն իրավունք չունի ուսումնասիրել պետական բյուջեի ծախսերը:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Այդ իրավասությունը պատկանում է Հաշվեքննիչ պալատին: Եվ միջանկյալ լուծումը կլինի, կհասկանանք՝ ինչ մեխանիզմներով ենք մեր աուդիտորին ներգրավելու որոշակի հաշվեքննության մեջ, որպեսզի նաև մեր աուդիտորն իր եզրակացությունը տա առաջնային փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո:
Հոգաբարձուների խորհրդի նիստում խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հաշվեքննիչ պալատին առաջարկելով դիտարկել այս հարցով կատարվելիք հաշվեքննություններում աշխատանքային խմբին և աուդիտորական կազմակերպությանը փորձագիտական մակարդակով ներգրավելու հնարավորությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
«ՀՀ վարչապետը հայտարարեց Կառավարության թափանցիկ և հաշվետվողական գործելու պատրաստակամության մասին. աշխատանքային խմբի և արտաքին աուդիտորական կազմակերպության համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար և, որը շատ էական է, վստահեցնել թե՛ խորհրդին, թե՛ հանրությանը, որ Հիմնադրամի ներդրումները Կառավարության խողովակներով պատշաճ կերպով են օգտագործվել»:
Դրամական միջոցների ուսումնասիրությունը կիրականացնի 1996-ին հիմնադրված և մի շարք խոշոր ընկերություններում աուդիտ իրականացրած «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը: Այս գործընթացին զուգահեռ, նույն հարցը քննության կառնի նաև Ազգային ժողովում ընդդիմության առաջարկով ստեղծված քննիչ հանձնաժողովը, որի առաջին նիստը գումարվել է երկու օր առաջ:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Մեր նպատակը առաջին հերթին բացահայտել հնարավոր բոլոր խախտումները, եթե այդպիսիք եղել են: Երկրորդը՝ 30 տարուց ավելի է մեր անկախության կարևոր հենասյուներից մեկը «Հայաստան» հիմնադրամն է դարձել և հիմնադրամի հեղինակությունը, նրա կատարած աշխատանքներն ու ներդրումը հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի վերելքի հարցում, քիչ չէ: Ուստի չափազանց կարևոր է, որ հատկապես սփյուռքում այս կարևոր ինստիտուտի հետ կապված վստահությունը չսասանվի»:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը հայտնեց՝ աշխատանքների ավարտին, դրանց արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն կարվի:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե կլինեն մեղավորներ, իհարկե, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, եթե կլինեն խախտումներ: Եթե չի լինի, մենք հայտարարության տեքստում արդեն կնշենք, որ ճշտված տվյալներով՝ ունենք այս պատկերը»:
Քննիչ հանձնաժողովին տրված 6-ամսյա ժամկետը պատգամավորները բավարար չեն համարում ուսումնասիրությունն ամբողջությամբ կատարելու համար, հավանաբար հանդես կգան այն ևս 6 ամսով երկարաձգելու առաջարկով: Նախատեսում են փակ և բաց նիստերի աշխատանքներին ներգրավել նաև ֆինանսական գծով որոշումներին մասնակցություն ունեցած պաշտոնյաներին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան