2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ Օմիկրոնի մասին: Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում Օմիկրոն տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ:
Այս պահին պարզ չէ՝ Օմիկրոն տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի՞ է, թե՞ ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը: Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է Օմիկրոն տարբերակո՞վ, թե՞ այլ գործոններով:
COVID-19-ի հարուցչի բոլոր տարբերակները, ներառյալ ամբողջ աշխարհում գերիշխող Դելտան, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան՝ հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։ Օմիկրոնը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ՝ պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:
Պայմանավորված այն հանգամանքով, որ Օմիկրոն տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում՝ ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենոմային սեկվենավորման գործընթացը:
Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել COVID-19-ի հարուցչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և գիտական մոտեցմամբ: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:
Նշվում է, որ Առողջապահության նախարարությունը հետամուտ է առողջապահական միջազգային կառույցների՝ COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ՝ հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա:
Պետք է հաշվի առնել, որ ներկայացվող տվյալները ենթակա են փոփոխման՝ պայմանավորված ի հայտ եկող նոր հանգամանքներով: