Արցախի Հանրապետությունում ակտիվացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը։
Ինչպես հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կատարվել է 4993 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 3585 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 1408 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը):
«Արձանագրենք, որ միայն նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2827 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 2373 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 454 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը):
Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը իրականացվում է 4 տեսակի՝ «Սպուտնիկ-V», «Աստրազենեկա», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով:
Կանխարգելիչ աշխատանքներն իրականացնում են թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ բժիշկները։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերը՝ ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։
Օրերս ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով, Արցախ էին ժամանել բարձրակարգ փորձագետ-մասնագետներ՝ հանրապետությունում «Covid-19»-ի համավարակի հետ պայմանավորված տեղում ուսումնասիրություններ իրականացնելու, իրավիճակը գնահատելու և իրենց ունեցած փորձը փոխանցելու նպատակով։
Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդության նվազում և մահացության դեպքերի բացառում:
Անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: